Այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
Այսօր՝ հունվարի 28–ին, զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է։
Արմենի մայր Համեստ Ներսիսյանը պատմում է, որ ծառայության անցնելուց հետո որդին անցած տարի առաջին անգամ է ծնունդը տանը նշել։
«Արձակուրդ էր եկել, 25-ամյակը նշեցինք, գնալուց էլ ասեց՝ մա՛մ, ես իմ կյանքից շատ գոհ եմ։ Ես հասկացա, որ կյանքն իր համար դարձել էր գունավոր»,– պատմում է մայրը։
Նրա խոսքով՝ որդու ամենասիրելի տոնն էր հունվարի 28–ը՝ ոչ այնքան այն պատճառով, որ իր ծննդյան օրն էր, այլ նրա համար, որ բանակի հիմնադրման օրն է։
«Իր ամենասիրած տոնն էր բանակի օրն ու իր ծննդյան օրը։ Իհարկե, նախ նշում էր բանակի օրը, հետո՝ իր ծննդյան օրը»,– ասում է տիկին Համեստը։
Նա հիշում է, որ փոքր հասակում ամեն տարի Արմենակի ծնունդի սեղանից անպակաս էր ծննդյան տորթը. «Փոքր ժամանակ էլ պարտադիր տորթով էինք նշում։ Ինչքան էլ չնշեինք ծնունդը, տորթը պարտադիր պիտի լիներ»։
Այս տարի եւս Արմենակի ծնունդը նշում էին տորթով։
Մայրը պատմում է, որ Արմենակի ամենամեծ երազանքը երեխաներ ունենալն ու ընտանիք կազմելն էր. «Երազում էր երեք երեխա ունենալ. իր ընտանիքը, իր երեխաները»։
Արմենակ Ուրֆանյանը մանկուց աչքի է ընկել իր խելքով եւ գիտելիքներով, բայց ավելի շատ սիրել է ուժով աչքի ընկնել։ Պատանեկան տարիքում մասնակցել է թեքվանդոյի մրցումների, հաղթանակներ տարել։ Մայրը պատմում է, որ նույնիսկ մրցումից առաջ պատվիրել է մեխել մեդալի համար նախատեսված մեխը։
«Վստահ էր իմ տղեն իր ուժերի վրա։ Մենակ իրան օգնության շուտ չհասան»,– ասում է նա։
Իր ծննդյան օրը Արմենակ Ուրֆանյանը պարգեւատրվեց Ղարաբաղի վետերանների միության կողմից մեդալով։