Խաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերից
Խաղադրույքը շատերի համար սկսվում է որպես ժամանց, բայց որոշ ընտանիքների համար այն վերածվում է ֆինանսական ու սոցիալական խնդրի։ Պարտքեր, կորցրած եկամուտներ, ընտանիքի ներսում առաջացած լարվածություն․ խաղային կախվածության հետևանքները տարիներ շարունակ քննարկվող խնդիր են դարձել։ Կառավարությունն այժմ հայտարարում է, որ ոլորտը մտնում է վերահսկողության նոր փուլ։
Հայաստանում խաղային ոլորտը վերջին տարիներին արագ ընդլայնվել է։ Օնլայն հարթակների տարածումն ավելի հասանելի է դարձրել խաղադրույքը, իսկ պետության վերահսկողության հնարավորությունները մինչև այժմ սահմանափակ են եղել։
2027 թվականի հունվարի 1-ից խաղատնային և օնլայն խաղադրույքների ամբողջ համակարգը պետք է գործի միասնական թվային հարթակի միջոցով։
Նպատակը՝ վերահսկել յուրաքանչյուր խաղադրույք՝ սկսած մասնակցությունից մինչև շահումների հաշվառում, սահմանափակել օրենքով արգելված մասնակցությունը և նվազեցնել ստվերային շրջանառությունը։ Հարցն օրախնդիր է ու շատ ընտանիքների ճակատագրի հարցը։ Վարչապետը կառավարության նիստում ընդունում է, որ մինչեւ այժմ պետությունը չի կարողացել ամբողջապես վերահսկել դաշտը։
«Առաջինը՝ ստվերը բացառելու ենք, երկրորդը՝ այն սահմանափակումները, որոնք օրենքով նախատեսված են, արդեն գործնականում կիրառելու ենք, որովհետև մինչև այժմ շատ դեպքերում դրա հնարավորությունը չենք ունեցել»։
Նոր համակարգը նախատեսում է նաև մեխանիզմ, որով քաղաքացին կամ նրա ընտանիքի անդամը կարող է դիմել՝ սահմանափակելու տվյալ անձի մասնակցությունը խաղադրույքներին։ Վարչապետը պատմել է, որ նման խնդրանքներով իրեն դիմած քաղաքացիներ են եղել։ Նիկոլ Փաշինյան
«Մարդը կամ ընտանիքի անդամը հնարավորություն ունենա դիմում գրել ու ասել, որ այս մարդուն արգելեք խաղադրույք կատարելու հնարավորությունից»։
Կառավարության ներկայացմամբ՝ նոր հարթակը պետք է ոչ միայն վերահսկի ֆինանսական հոսքերը, այլև ներդնի պատասխանատու խաղի մեխանիզմներ՝ թույլ չտալով օրենքով սահմանափակված խմբերի մասնակցությունը։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ համակարգի ստեղծման հիմքերը դրվել են դեռևս 2024-ի օրենսդրական փոփոխություններով։ Հայտարարվել է միջազգային մրցույթ, որի արդյունքում ընտրվել է «Ռանդըմ Սիսթեմս Ինթերնեշնլ Լիմիթիդ» ընկերությունը։
ՊԵԿ-ի ներկայացմամբ՝ ընտրված օպերատորը նման փորձ ունի նաև Վրաստանում։ Էդուարդ Հակոբյան
«Հաղթող մասնակցի կողմից ստեղծվել և պետական գրանցում է ստացել «Խաղերի վերլուծության և մշտադիտարկման համակարգ» ընկերությունը, որին առաջարկվում է սահմանել որպես խաղային ոլորտի կարգավորման օպերատոր»։
Նոր համակարգը պետք է իրական ժամանակում արձանագրի խաղադրույքները, կիրառի սահմանափակումներ և ապահովի ոլորտի վերահսկողությունը։
Բացի վերահսկողությունից, փոխվելու է նաև շահումների հարկման մեխանիզմը։ Համակարգի գործարկումից հետո շահումները կհարկվեն տարեկան 5 տոկոս դրույքաչափով, իսկ խոշոր շահումների դեպքում՝ 10 տոկոս։
Սակայն ոլորտի կարգավորման հարցում հիմնական մարտահրավերը միայն տեխնիկական վերահսկողությունը չէ։ Փորձագետների գնահատմամբ՝ կարևոր է հասկանալ նաև, թե որքան արդյունավետ կլինեն կախվածությունը կանխարգելող մեխանիզմները, և արդյոք նոր համակարգը կկարողանա նվազեցնել ոչ միայն ստվերը, այլև խաղային խնդիրների սոցիալական հետևանքները։
Կառավարությունը վստահեցնում է՝ նոր թվային հարթակը կդարձնի ոլորտը թափանցիկ և վերահսկելի։ Իսկ թե որքանով այն կփոխի մարդկանց վարքը և կսահմանափակի խաղային կախվածության տարածումը, ծանր հարց է։
Պաշտոնական տվյալներով՝ ոլորտի շրջանառությունը վերջին տարիներին կտրուկ աճել է․ եթե 2021 թվականին խաղադրույքների տարեկան ընդհանուր շրջանառությունը գնահատվում էր շուրջ 1.2 տրիլիոն դրամ, ապա 2023 թվականին այն արդեն գերազանցել է 3.5 տրիլիոն դրամը։ Միաժամանակ պետական բյուջե մուտքագրվող հարկային եկամուտները նույն ժամանակահատվածում աճել են մոտ 2.5 անգամ՝ հասնելով ավելի քան 120 միլիարդ դրամի։ Օնլայն հարթակների օգտատերերի թիվը, ըստ տարբեր գնահատականների, անցել է 500 հազարից, ինչը զգալի աճ է նախորդ տարիների համեմատ։
Օրերս Փաշինյանը նաեւ մեկ այլ խիստ մտահոգիչ տեղեկություն էր բարձրաձայնել. բանակում մոլի խաղերով զբաղվելը ծանր պատկեր է դարձել։
armradio.am


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն