Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եղել է մարզական մի շարք հաստատություններում: Նախարարին ուղեկցել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը: Ժաննա Անդրեասյանի առաջին կանգառը Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցում էր։ Այստեղ նախարարը ծանոթացել է ուսումնական և մարզումային պայմաններին, ինչպես նաև գույքային հագեցվածությանը։ Քննարկվել են մարզադահլիճի վերանորոգման և տարածքի ընդլայնման հարցերը՝ պայմանավորված սաների թվի աճով և նոր խմբերի ձևավորմամբ։
Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցն այս տարի նշելու է հիմնադրման 80-ամյակը։ Այստեղ գործում են ազատ ոճի ըմբշամարտ, գեղարվեստական մարմնամարզություն, ծանրամարտ, հունահռոմեական ոճի ըմբշամարտ և սամբո մարզաձևերի ուսումնական խմբեր, որոնցում ընդգրկված են շուրջ 260 պարապողներ։
Այնուհետև նախարարն այցելել է Գյումրու համալիր մարզադպրոց, որտեղ ևս դիտարկել է առկա պայմաններն ու նյութատեխնիկական ապահովվածությունը։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է մարզագույքի, մասնավորապես՝ մարզագորգերի արդյունավետ և նպատակային օգտագործումը՝ ընդգծելով, որ դրանց ճիշտ շահագործումը կարևոր նախապայման է երեխաների լիարժեք մարզական զարգացման համար։
Աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը եղել է նաև մի շարք այլ մարզական հաստատություններում՝ Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում, Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում, Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում, Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում և աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում:
Մարզադպրոցներում նախարարը ծանոթացել է ենթակառուցվածքների առկա վիճակին, արձանագրել առկա խնդիրները, զրուցել սաների և մարզիչների հետ: Նա ընդգծել է մի շարք հաստատությունների հիմնանորոգման անհրաժեշտությունը՝ կարևորելով մարզական ենթակառուցվածքների շարունակական զարգացումը։
Գյումրու ձմեռային մարզաձևերի մարզադպրոցում Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ներկայում մշակման փուլում է գտնվում Աշոցքում ձմեռային մարզաձևերի նոր մարզադպրոցի կառուցման նախագիծը։ Այս համատեքստում նախարարը կարևորել է պետական մակարդակով համակարգային մոտեցման ձևավորումը։
Նրա դիտարկմամբ՝ նպատակահարմար է մշակել համալիր ծրագիր նաև մարզադպրոցների համար՝ ուղղված դրանց հիմնանորոգմանը, վերակառուցմանը և ամբողջական վերազինմանը։
«Այսօր տարբեր մարզադպրոցներում իրականացվում են հատվածական աշխատանքներ, սակայն շենքերի մեծ մասը պահանջում է ամբողջական վերանորոգում։ Վերջին տարիներին, իհարկե, դրական տեղաշարժ է արձանագրվում մարզագույքի ձեռքբերման ուղղությամբ։ Օրինակ՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակում ձեռք բերված գույքն արդեն փոխանցվել է մարզադպրոցներին և ակտիվորեն օգտագործվում է, ինչը կարևոր առաջընթաց է»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։
Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում առանձնակի ընդգծվել է փակ մարզահամալիրի անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով մարզի եղանակային պայմանների առանձնահատկությունները, որոնք հաճախ սահմանափակում են բացօթյա մարզումները։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր