Համաշխարհային առաջնորդները պետք է պատժամիջոցներ մտցնեն Ադրբեջանի դեմ. Լեմկինի ինստիտուտ
Համաշխարհային առաջնորդները պետք է պատժամիջոցներ մտցնեն Ադրբեջանի դեմ եւ անհապաղ դադարեցնեն ցանկացած ռազմական ֆինանսավորում։ Այս մասին նշվել է Ցեղասպանության կանխման Լեմկինի ինստիտուտի հայտարարությունում։
«Դեկտեմբերի 12-ին ինն օրում երկրորդ անգամ ադրբեջանցիների զինվորականների եւ պետծառայողների խումբը, որոնք ներկայանում են որպես էկոլոգիական «ակտիվիստներ», փակել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։
«Թաթոյան» «Իրավունքի եւ արդարության կենտրոն» հիմնադրամը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 12-ից 270 երեխա մնացել է ճանապարհին ձմռան պայմաններում՝ ճանապարհը փակելու պատճառով։ Այս տեղեկությունը հաստատել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։ Այդ երեխաներից ոմանք բաժանված են մնացել իրենց ընտանիքներից։
Ավելին, Արցախից ստացվող տեղեկությունները հաստատել են, որ գազի մատակարարումը նույնպես դադարեցվել է տարածաշրջանում ապրողների համար, եւ Ադրբեջանի կառավարությունը մտադիր է նաեւ անջատել էլեկտրականության մատակարարումը։ Անհրաժեշտ կոմունիկացիաների հասանելիությունն արգելելը հանգեցրել է այն բանին, որ ավելի քան 120 000 խաղաղ բնակիչ (ներառյալ երեխաները եւ ծերերը), հիվանդանոցները, դպրոցները, բուհերը եւ մանկապարտեզները միտումնավոր զրկվել են գազից, ջեռուցումից եւ տաք ջրից։ Դա, մարդու իրավունքների աղաղակող խախտում լինելուց զատ, հանգեցրել է հումանիտար ճգնաժամի Արցախում։
Ներկայում գոյություն ունեն լուրջ մտավախություններ ջրի, սննդամթերքների եւ դեղորայքի հասանելիության հետ կապված։ Հասկանալի է, որ շրջափակումը բնապահպանական նպատակներ չունի։ Անհրաժեշտ կոմունալ ծառայությունների մատակարարումը փակելը Արցախի Հանրապետությունում հանցավոր արարք է՝ ուղղված Արցախի բնակչությանն ահաբեկելուն եւ նրա համար անտանելի պայմաններ ստեղծելուն։
Այս իրադարձությունները մեկուսի իրադարձություններ չեն, դրանք ադրբեջանական վարչակարգի կողմից կատարվում են Հայաստանի եւ հայերի դեմ ցեղասպանության ավելի լայն սխեմայի շրջանակում։ Հայաստանից Արցախի կտրումը, ինչպես նաեւ մեկուսացումն ու Արցախում ապրող էթնիկ հայերին ահաբեկելը տարածաշրջանում ցեղասպանության հետագա քաղաքականության իրականացման մեթոդներն են։ Այդ գործողությունները վախ են առաջացնում նաեւ Հայաստանում եւ աշխարհի ամբողջ հայության շրջանում, քանի որ ցուցադրում են ադրբեջանական վարչակարգի հանցավոր ունակությունը եւ միջազգային հանրության անգործունակությունը, որը հիմնականում որոշել է անտեսել այն, ինչ կատարվում է։
Լեմկինի ինստիտուտը մեկ անգամ եւս կոչ է անում միջազգային հանրությանը հետեւել Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Իսպանիայի Կոնգրեսի սահմանած նախադեպին՝ տարածաշրջանում հայ ինքնության պաշտպանության համար, եւ դատապարտել Ադրբեջանի գործողությունները եւ քաղաքականությունը Հայաստանի եւ Արցախի նկատմամբ։
Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պետք է մտցվեն համաշխարհային առաջնորդների կողմից, եւ ցանկացած ռազմական ֆինանսավորում պետք է դադարեցվի անհապաղ»,- նշվել է հայտարարությունում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026