Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը
Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը
նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս
Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա
մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով:
Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին,
Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով
օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը
հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին
երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ
չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6 Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել:
Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և
ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները:
Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է
Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ
Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ
Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է
աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին,
թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը
խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ
առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն
օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է
Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:
Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու
և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են
(Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:
Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր
հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և
զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈւԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը