Կառավարությունը չգիտի՝ ինչ անել, դրա համար էլ դիմում է նման մեթոդների, որոնք ոչ մի արդյունք չեն տալու
Այս առաջարկը Կառավարության անկարողության հերթական դրսևորումն է համավարակի դեմ պայքարում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դիմակը կրելու կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքների չափի հնարավոր բարձրացմանը:
«Առհասարակ, իրավունքում կա այսպիսի սկզբունք՝ պատժի ծանրությունը չէ, որ կարող է հասարակության մեջ վարքագծի կանոն փոխել: Ավելի արդյունավետ միջոցներ պետք է լինեն: Այս խստացումները ոչ մի բանի չեն հանգեցնելու, իսկ դրանք ներկայացնում են հենց անկարողության դրսևորում, Կառավարությունն իրականում չգիտի՝ ինչ անել, դրա համար էլ դիմում է նմանատիպ մեթոդների»,- ասաց փաստաբանը:
Հարցին՝ մինչ այս եղած տուգանքները որքանո՞վ են նպաստել համավարակի դեմ պայքարին ու դրանց կիրառումն ինչպիսի՞ արդյունքներ է տվել, Վարոսյանն արձագանքեց, որ եթե արդյունքները բավարար լինեին, ապա փոփոխության անհրաժեշտություն չէր լինի. «Դա նշանակում է, որ հեղինակների համար էլ է ակնհայտ, որ իրականացվող միջոցառումներն անարդյունավետ են, այդ թվում՝ նաև տուգանքների կիրառումը»:
Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ է ներկայացրել, որով առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելու դեպքում սահմանել 20 հազար դրամի չափ տուգանք, իսկ փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելու համար՝ 50 հազար դրամի չափով:
Նշենք նաև, որ այս պահին հանրային բաց և փակ վայրերում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 10 000 դրամ է:
Անդրադառնալով այն դիտարկումներին, թե թեև արտակարգ դրությունը շարունակվում է, սակայն սոցիալ-տնտեսական աջակցության միջոցառումները եղել են մեկանգամյա, և որքանո՞վ են տուգանքները համաչափ սոցիալ-տնտեսական իրավիճակին, փաստաբանը պատասխանեց, թե այդ հարցի պատասխանը պետք է փնտրել կորոնավիրուսի դեմ պայքարի՝ սկզբնական շրջանում արված քայլերում:
«Իշխանությունները վաղուց բաց են թողել համավարակի դեմ պայքարի հնարավորությունը: Այդ ամենը պետք էր սկսել, արագ իրականացնել դեռևս փետրվար-մարտ ամիսներին: Չեմ կարծում, թե արտակարգ դրության երկարացումը պայմանավորված է համավարակով, ուղղակի սոցիալական ու քաղաքական դժգոհությունները ճնշելուն միտված քայլ է»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե քննարկվում է նաև արտակարգ դրությունից դուրս այնպիսի իրավական ռեժիմի հաստատումը, որի դեպքում կմնա համավարակով պայմանավորված՝ սահմանված կանոնների պահպանման պահանջը, և հարցին՝ եթե կար այդպիսի հնարավորություն, ինչու այն ավելի վաղ չի հաստատվել, Վարոսյանն արձագանքեց, թե այդ հնարավորությունը միշտ է եղել:
«Մեր օրենսդրությունը հատուկ համաճարակների համար նախատեսում է նման հնարավորություն: Առանց արտակարգ դրության ևս կարող էին կիրառվել դիմակներ կրելու, սոցիալական հեռավորության և այլ կանոնների պահպանման պահանջները: Իսկ արտակարգ դրությունը միակ պայմանն է, որով հնարավոր է հավաքները ճնշել և արգելել, հետևաբար արտակարգ դրության երկարացումը միտված է միայն ու միայն դրան»,- ասաց Երվանդ Վարոսյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է