Շատերի համար կարող է խնդիր լինել․ Կրթության փորձագետը՝ ԵՊՀ-ում ուսման վարձը բարձրացնելու մասին
Երևանի պետական համալսարանում ուսման վարձավճարները բարձրացել են: Դրանք կգործեն նոր ուսումնական տարվանից։
Վարձի նվազագույն չափը 500․000 դրամ է, ամենաբարձրն իրավագիտության ֆակուլտետում է՝ 1․000․000 դրամ։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, սակայն, այլ պատկեր է․ ուսման վարձի չափը տատանվում է 320․000-450․000 դրամի սահմաններում։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը 168.am-ի հարցին՝ արդյո՞ք սա հիմք չի հանդիսանա, որ անվճարունակ, բայց խելացի ուսանողը դուրս մնա, պատասխանեց, որ դա բուհի լիազորության շրջանակում է։
«Իհարկե, միշտ էլ ցանկալի է, որ ուսման վարձերի բարձրացում չլինի։ Ուսման վարձի ցանկացած բարձրացում, իհարկե, խնդիր է այս իրավիճակում, բայց դա նաև բուհերի քաղաքականությունն է, այսինքն՝ իրենք են որոշում, և եթե դա սխալ, չհիմնավորված և չարդարացված հաշվարկ է լինում, բնական է՝ հանգեցնում է դիմորդների թվի նվազման, և այլն։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ բուհերի պետական ֆինանսավորումը չի ավելանում։ Այսինքն, մենք ունենք պետական բուհեր, բայց 5-15 տոկոսով են ֆինանսավորվում պետական բյուջեից։ Մնացած ծախսն իրենք պետք է գտնեն։ Դասախոսի աշխատավարձ բարձրացնելու և այլ խնդիրներ կան։ Պետությունը, ըստ էության, բուհերին թողել է շուկայական հարաբերության մեջ։ Բուհն է որոշում՝ ուսման վարձը բարձրացնի՞, թե՞ ոչ։ Իհարկե, հումանիստորեն կարող ենք ասել, որ ուսման վարձի բարձրացումը վատ է, և այդպես էլ կա, որովհետև իսկապես շատերի համար կարող է խնդիր լինել, հատկապես հիմա, երբ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ստեղծված ճգնաժամի արդյունքում շատերը կորցրել են իրենց աշխատանքը։ Ֆինանսական խնդիրները սրվելու են, սակայն բուհերում աշխատավարձերը ցածր են, բուհին պետությունը ֆինանսապես բավարար չափով չի աջակցում, այլ տարբերակներից մեծ գումարներ բերելու հնարավորություն բուհերը չունեն, դրա համար ամեն տարի մի քանի բուհ փորձում է բարձրացնել ուսման վարձերը»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ եթե համեմատում ենք ԱՄՆ համալսարանների հետ, մեզ մոտ ուսման վարձն էժան է, իսկ եվրոպական երկրների հետ եթե համեմատենք, այնտեղ մեծ մասը անվճար է, կամ կարող է 1000-5000 եվրո լինի ուսման վարձը ու տեղացիների համար էժան լինի։
«Ցավոք, Հայաստանը փորձում է խաղալ մի խաղ, որտեղ իր քաշային կարգը չի հերիքում, որովհետև եթե դու ուզում ես եվրոպական ստանդարտնեով համալսարաններ ունենալ, դրա համար փող պետք է ներդնես»,- նշեց կրթության փորձագետը։
Մեր դիտարկմանը՝ այսինքն՝ կրկին լավ մասնագետների խնդիր է լինելու, որովհետև ոչ բոլոր վճարունակներն են լավ սովորում, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց․
«Դա ավելի մեծ խնդիր է։ Այո, մենք լուրջ խնդիր ունենք բարձրագույն կրթության ոլորտում։ Պետությունը պետք է ունենա աջակցության մեխանիզմներ նրանց համար, ովքեր անվճարունակ են։ Հիմա պետպատվերով ընդունվելն անապահով ընտանիքների շատ երեխաների համար դժվար է լինելու, որովհետև իրենք այդքան չեն պարապում։ Նույն հարուստն առաջին դասարանից պարապում և գալիս հեշտությամբ ընդունվում է։ Այստեղ արդեն մնում է պետության քաղաքականությունը, որի հիմքում սոցիալական աջակցությունն ուժեղացնելն է»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...