«Ճաշելու ընթացքում անձինք դիմակ չօգտագործելու համար պատասխանատվության չեն ենթարկվի». փոխնախարար (տեսանյութ)
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից հետաքրքրվեց, թե այս փուլում Կառավարությունն ի՞նչ դիրքորոշում ունի՝ դիմակների կրելը կանխարգելիչ միջոց համարվո՞ւմ է, թե՞ ոչ:
«Ձեր խոսքում բազմիցս արդեն նշեցինք, որ հանրային վայրերում, բաց տարածքներում դիմակների առկայությունը պարտադիր է: Ենթադրենք, որ քաղաքացին շաբաթներ շարունակ նույն դիմակը պահում է իր մոտ, օրինակ՝ պայուսակում: Որքա՞ն է այդ օգտագործված դիմակի օգտակարության գործողության գործակիցը»,- հարցրեց Շաքե Իսայանը:
Ինչին ի պատասխան՝ Վահե Դանիելյանն ասաց, որ պետությունը որևէ միջոց չունի վերահսկողություն իրականացնելու, թե անձը դիմակը քանի ժամ է օգտագործել կամ քանի օր է իր մոտ պահել:
«Ցավում եմ, բայց վերահսկողության նման մեթոդ աշխարհում հայտնի չէ: Պետք է յուրաքանչյուր քաղաքացու հասցնել, որ այս ամենն ինքնանպատակ չէ, նրանց առողջության համար է, որ սահմանվել է առկա սահմանափակումները: Կարծում եմ՝ դիմակի կրելն ունի կանխարգելիչ արդյունք, դրա համար էլ սահմանված է այս պահանջը, որը նպատակ ունի վիրուսի տարածմանն արագ կանխարգելելուն»,- շեշտեց Վ. Դանիելյանը:
Արձագանքելով՝ Շաքե Իսայանը նկատեց, որ շաբաթներ առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այդպես չէր կարծում, ուստի լավ է, որ այժմ Կառավարության դիրքորոշումը փոփոխության է ենթարկվել:
«Եկեք հարցն այլ դիտանկյունից նայենք՝ քաղաքացին ստիպված է օրը մի քանի անգամ փոխելու դիմակը: Մենք՝ որպես պետություն, դեռևս չենք կարողացել վերահսկողության միջոցով իջեցնել դիմակների նախկին գները, մարդկանց համար չենք ապահովում դիմակներ, բայց դրանց կրումը դարձնում ենք պարտադիր և զուգահեռ նշանակում տուգանքներ: Նաև կխնդրեմ՝ հստակեցնեք, թե փակ տարածքներում գործատուն պարտավո՞ր է դիմակներով ապահովելու մարդկանց: Եվ եթե քաղաքացին ռեստորանում ճաշում է, նրա մոտ դիմակ պե՞տք է լինի, թե՞ ոչ»,- հավելեց պատգամավորը:
Պատասխանելով բարձրացրած հարցերին՝ Արդարադատության փոխնախարարն ասաց, որ կոնկրետ տնտեսվարող սուբյեկտի մոտ մտնելու դեպքում անձը պետք է դիմակ ունենա, չունենալու դեպքում գործատուն նրան չպետք է թույլատրի մուտք գործել տվյալ տարածք:
«Նման պահանջ չկա, որ ճաշելու պահին պետք է դիմակ ունենա, պետք է ողջամտության սահմաններում դիտարկել այս ամենը: Պահանջը հետևյալն է, որ ներս մտնելուց պետք է ունենալ դիմակ, բայց ճաշելու ընթացքում, եթե մարդիկ դիմակ չեն օգտագործում, ապա դա արդեն տրամաբանական է և ողջամիտ է, հետևաբար՝ դրա դեպքում անձանց չեն տուգանելու»,- ընդգծեց Վահե Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Կառավարությունն այսօր հրավիրել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
Ըստ նախագծի՝ առաջարկվում է դիմակ չկրելու տուգանքի չափը 100-250 հազար դրամից դարձնել 10 հազար դրամ:
Ըստ գործող օրենքի՝ փակ տարածքների դեպքում դիմակ չկրելը նախատեսում է պատասխանատվություն. այդ դեպքում տնտեսվարողները պատասխանատվության կենթարկվեն 100-300.000 դրամի չափով: Այսինքն, փակ տարածքներում դիմակ կրելու համար պատասխանատու են տնտեսվարողները, որոնք պետք է արգելեն առանց դիմակի անձանց մուտք գործելն իրենց տարածք:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...