Հանրաքվեով ՍԴ կազմը հեռանկար չունի, իշխանությունը դիմեց Վենետիկ հանձնաժողով. Վարոսյան
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը փաստաբան Երվանդ Վարոսյանն էր: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:
Որքանո՞վ էր նպատակահարմար կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ արտակարգ դրության՝ ևս մեկ ամսով երկարաձգումը, եթե, ըստ էության, մեծ հաշվով սահմանափակումները հանվել են:
Ի սկզբանե մեզ մոտ արտակարգ դրությունն անհասկանալի ընթացք ունեցավ: Անկեղծ լինենք, մենք այն շատ խորը այդպես էլ չզգացինք: Հիմա ինչո՞ւ են երկարաձգում, դժվար է ասել, հատկապես այն համատեքստում, որ սահմանափակումների մեծ մասը վերացվում է, և այդ պարագայում զուտ նրա համար, որ տաքսիստի կողքին ուղևոր չնստի՝ արդյո՞ք արժե արտակարգ դրություն երկարաձգել: Ինչևէ, երկարաձգվում է, և ինձ մոտ տպավորություն է, որ սա ավելի շատ այլ հանգամանքների դրդումով է արվում: Առաջին հերթին, կարծում եմ՝ սա կապված է սահմանադրական ապօրինի հանրաքվեի, հավաքների սահմանափակման և հեռախոսների տեղակայումը վերահսկելու անհասկանալի նկրտումների հետ:
Կարծում եք՝ իշխանությունը հանրահավաքային շարժման վտա՞նգ է տեսնում:
Եթե չտեսներ, ինչո՞ւ էին շարունակում սահմանափակումը պահպանել: Ուրեմն տեսնում են: Վահագն Չախալյանի հետ տեղի ունեցած վերջին 2 օրերի վարչական ձերբակալումները, օրինակ, դրա մասին էին խոսում:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ ուղղելով հարցեր ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ: Ինչո՞ւ է իշխանությունն ապավինում եվրոպական այդ կառույցին, երբ ժամանակին անգամ կարծիքի չուղարկեցին այնտեղ:
Կարծում եմ՝ այն լուծումը, որը գտնվել էր՝ հանրաքվեի միջոցով փաստացի ցրել ՍԴ գործող կազմը, պարզ դարձավ, որ հեռանկար չունի: Հիմա հավանաբար մտածում են գտնել այլ տարբերակներ: Բայց դառնանք ճգնաժամի վերաբերյալ ձևակերպմանը: Այդ ի՞նչ ճգնաժամ է. որ իրենց չեն ենթարկվում, ճգնաժա՞մ է: Երկար տարիներ հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործադիր իշխանություն-ՍԴ կապ չկա, ինչը հենց այդպես էլ պիտի լինի: Միակ նպատակն այն է, որ ուզում են ունենալ իրենց ձեռքի ՍԴ: Խնդիրն այն է, որ չկա հանրաքվեն չեղարկելու մեխանիզմը, եթե լիներ, վստահ եմ, կչեղարկեին: Ցանկացած քայլ, որն ուղղված է լինելու դատական իշխանությունը որպես առանձին ճյուղ չեղարկելուն, շատ ծանր հետևանքներ է ունենալու յուրաքանչյուրիս համար, իշխանությունների և պետության համար:
Ինչո՞ւ իշխանությունները մեղմացրին իրենց դիրքորոշումը վեթինգի և անցումային արդարադատության վերաբերյալ:
Ինչի՞ց սկսվեց վեթինգի մասին խոսակցությունը. նրանից, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Իսկ այսօր այդ խափանման միջոցը փոխվո՞ւմ է: Ոչ: Դրա համար էլ վեթինգի մասին խոսելու իմաստ չկա: Ամեն ինչ շատ պարզ է: Ոչ մի բարեփոխում էլ չեն ուզում անել: Հենց իրենց ուզած որոշումը չկայացվի, էլի կգնան, դատարանի դռներ կփակեն:
Այս ամբողջ գործընթացն ընդամենը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու համա՞ր է:
Նաև: Նաև մյուս սպասվող իշխանահաճո որոշումներն ապահովելու համար:
Երկրորդ նախագահին կալանքի տակ պահելը քաղաքակա՞ն որոշում է՝ ըստ Ձեզ:
Հաշվի առնելով այդ գործի շուրջ, այդ գործով կայացվող որոշումներից առաջ, հետո իշխանության դիրքորոշումը և իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հրապարակային դիրքորոշումները՝ այլ տարբերակ չեն թողնում մտածելու, քան, որ այդ գործն ունի քաղաքական ենթատեքստ:
Մարտի 1-ի բացահայտումը չի կարող տեղի ունենալ առանց 2008թ. փետրվարի 19-ի ընտրությունները քննելու: Մինչև չբացահայտվի, թե արդյո՞ք թեկնածուներից որևէ մեկն ընտրվել կամ չէր ընտրվել, հնարավոր չի լինի այդ գործի բացահայտման մասին խոսել:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...