Փաշինյանի կոչը 90-ականներից էր, Տեր-Պետրոսյանն էր ասում՝ իրարից պարտք արեք, ապրեք
«Ես այդ լայվից տպավորություն ստացա, որ վարչապետը սթափ վիճակում չէ, համենայնդեպս, ես այդ տպավորությունը ստացա: Այն, ինչ նա արեց այդ լայվում, լուրջ չէր»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղիղ եթերին, որտեղ վարչապետը կնոջ հետ քննարկում էր քաղաքացիների կոմունալների վճարման խնդիրը եւ վերջում հայտարարեց, որ գտել է «կոմունալ համերաշխության բանաձեւը» , այն է՝ ոչ կարիքավոր քաղաքացիները, որոնք կառավարությունից աջակցություն են ստացել վարձավճարների համար, կարող են իրենց անապահով հարեւանի փոխարեն վճարում անել:
Քաղաքական հոգեբանն ասում է՝ երկրի վարչապետը պատսպարվել էր տիկնոջ ու մանկահասակ երեխայի վահանի տակ եւ գուցե փորձում էր պոպուլիստական քայլ կատարել, ինչը սակայն, ըստ հոգեբանի անհաջող քայլ էր:
«Չեմ կարծում, թե մարդկանց դուր է գալիս, երբ մի ամբողջ պետության վարչապետ պտտվում է եւ կնոջն է հարցնում, թե ճիշտ եմ ասում չէ՞ կամ հո՞ բան չեմ մոռացել…Նույնը կարող եմ ասել երեխայի հետեւից վազվզելու վերաբերյալ: Դա պետական գործչի մոտեցում չէ, որը վաղը պետք է նստի եւ ՌԴ նախագահին ինչ-որ բան ասի կամ Արցախի հարցով ինչ-որ բան քննարկի: Գիտեք, եթե այդ գլոբալ, լուրջ հարցերը պետք է լուծվեն Արփիի վազվզոցով եւ Աննա Հակոբյանի խորհուրդներով, ես չեմ կարծում, որ մենք գտնվում ենք պաշտպանված իրավիճակում»,-ասում է հոգեբանը:
Միհրդատ Մադաթյանը Նիկոլ Փաշինյանի նմանօրինակ վարքագիծը պայմանավորում է այն հանգամանքով, որ, ըստ ամենայնի, ինքը՝ Փաշինյանը շատ լավ հասկանում է որ ֆիասկո է ապրել եւ փորձում է նման ծայրահեղ եւ, հոգեբանի բնութագրմամբ, անգամ հիստերիկ միջոցների է դիմում՝ փորձելով փրկել իրավիճակը:
Նշենք, որ ուղիղ եթերի վերջում վարչապետը իր կրտսեր դստեր՝ մանկահասակ Արփիի կարծիքն էր հարցնում կառավարության աջակցության ծրագրերի վերաբերյալ: Երեխան վազվզում էր սենյակով մեկ, իսկ վարչապետ՝ նրա հետեւից՝ հեռախոսը ձեռքին:
Հոգեբանը շեշտում է՝ հայկական միջավայրում մանկահասակ երեխան կամայական կոնտեքստում ընդունելի է եւ երեխային առաջ մղելը իրավիճակը փափկեցնելու նպատակ ուներ։
«Լինելով ուստա պոպուլիստ, Փաշինյանը , հասուն տղամարդ լինելով, փորձում է փոքրիկ երեխայի իմիջի տակ թաքնվել: Բայց այն, ինչ արվում է՝ չի ստացվում: Դրա վառ վկայությունը վերջին օրերի իրադարձություններն են՝ սկսած Ազգային Ժողովից, վերջացրած նրա զանգերով եւ կոչով՝ վճարել հարեւանի փոխարեն: Սա 90-ականների կոչ էր, այդ նույն ֆորմատով Լեւոն Տեր-Պետրոսյանն 90-ականներին ասաց՝ երկիրը մերն է, իրարից պարտք արեք, ապրեք: Մենք դա շատ լավ ենք հիշում եւ դա շատ վիրավորական է մեր ազգի համար»,-նկատում է քաղաքական հոգեբանը ՝ հարցնելով, թե տարօրինակ է, թե ինչու պետք է քաղաքացին վճարի հարեւանի կոմունալ վարձերը, եթե մենք ունենք երկրի ղեկավար, որը պարտավոր է հոգալ քաղաքացու հոգսերը:
Նշենք, որ արտակարգ դրությամ եւ կորոնավիրուսի պանդեմիայիով պայմանավորված, կոմունալ վարձավճարների խնդիրը սոցիալական բողոքի ալիք բարձրացրեց այն պատճառով, որ սկսվեցին հոսանքազրկումներ այն պարագայում, երբ երկրի վարչապետը երաշխավորել էր, որ արտակարգ դրության ժամանակահատվածում հոսանքի եւ գազի վարձավճարները չվճարելու համար անջատումներ չեն լինի:
Փաշինյանն իր հերթական ուղիղ եթերի ժամանակ այս խնդրի անդրադարձավ՝ հորդորելով քաղաքացիներին վճարումներ կատարել, այլապես, ըստ վարչապետի, երկիրը կոլապսի առաջ կհայտնվի:
Միհրդատ Մադաթյանի խոսքով, նմանատիկ կրիտիկական իրավիճակում քաղաքացիների համար 30-40 հազար դրամ կոմունալ վարձավճարների խնդիրը օրհասական է դարձել եւ պարզվում է, որ այդ քաղաքացիները լուրջ վնաս են հասցնում պետությանը: Հոգեբանը նկատի ունի ՀՀ վարչապետի ավելի վաղ արած այն հայտարարությունը, որ եթե քաղաքացիները չվճարեն հոսանքի վարձը, երկիրը էներգետիկ կոլապսի առաջ կկանգնի:
«Գիտենք, ցավալին այն է, որ նա կոչ չի անում որպեսզի ԱԺ պատգամավորները, որոնք միմյանց անբարոյականի զավակ են անվանում խորհրդարանում, իրենց ստացած պարգեւավճարներից օգնեն անապահովներին, նա կոչ չի անում նախարարությունների կամ քաղաքապետարանի աշխատակիցներին, որոնք նույն այդ քաղաքացիների վճարած հարկերից են պարգեւավճարներ ստանում, փոխարենը նա քաղաքացուն է ասում, որը , օրինակ, իրեն չի ընտրել եւ չի ցանկացել, որ երկիրն այս վիճակում հայտնվի: Դա հարիր չէ վարչապետին»,-կարծում է Միհրդատ Մադաթյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան