Հայաստանի տնտեսությունը հետընթաց է ապրում, քանի որ բարձիթողի վիճակ է. Գագիկ Մակարյան
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Tert.am-ի հետ զրուցում անդրադառնալով միջազգային շուկայում` բենզինի, նավթի, պղնձի գների անկմանը նշեց. «Քանի որ մենք պղինձ արտահանող երկիր ենք, ապա պղնձի գների նվազման հետևանքով արտահանումը կնվազի, բայց վառելիքի գների էժանացումն էլ կարող է բերել Հայաստանում գների նվազմանը»:
«Թվում է, թե կկոմպեսացվի, բայց տարիների փորձը ցույց է տալիս, որ վառելիքի գները շատ չեն ընկնում և գների նվազման ազդեցությունը Հայաստանի վրա էական չէ, հետևաբար, կարծում եմ, որ գերակշիռ ազդեցություն կունենան պղնձի գնի հետ կապված խնդիրը»,-ասաց նա:
Ըստ Գագիկ Մակարյանի՝ գլոբալ խնդիրը կորոնավիրուսի պատճառով սահմանային սահմանափակումներն են, քանի որ մեր առևտրային երկու կարևոր խոշոր երկրները` Չինաստանը և Իրանն է: «Ես վստահաբար կարող եմ ասել, որ տարբեր գործարարներ չեն նախընտրի այցելել նորից Չինաստան և Իրան, պայմանագրեր կնքել և մյուս կողմից էլ պայմանագրեր կան, որոնք կարող են խզվել: Քանի որ այդ երկրների հետ ունենք 580 միլիոն դոլարի հասնող առևտրային շրջանառություն, որի գրեթե 85 տոկոսը ներմուծումն է: Արտահանման և ներմուծման առումով կունենանք էժան ապրանքների ձեռքբերման հնարավորության նվազում, քանի որ Չինաստանը և Իրանը մեզ համար մատչելի երկրներ են: Մենք հնարավոր է այդպիսի արագությամբ փոխարինող երկրներ չգտնենք, սա մեր տնտեսության համար որոշ չափով հարված կլինի, քանի որ նույն էժան ապրանքները պետք է փորձենք ներմուծել Թուրքիայից և Ռուսաստանից»,-ասաց նա:
Գագիկ Մակարյանը նշեց, որ պետական մարմինները պետք է բիզնեսին աջակցեն և տեղեկացնեն գործարարներին, թե Չինաստանի և Իրանի ո՞ր հատվածներն են հատկապես ճգնաժամային: Պետությունը պետք է փորձի բիզնեսի ներկայացուցիչներին օգնել՝ փոխարինել այլ ընկերություններով կամ երկրներով: «Քանի որ գործարարը վերավաճառում է բերած ապրանքը, կարծում եմ, որ դրանից կտուժի փոքր բիզնեսը: Տուրիզմի նվազման պատճառով ևս, կտուժի փոքր բիզնեսը, քանի որ տվյալ երկրներից տուրիստական այցելությունները նույնպես նվազել է»,-ասաց նա:
Տնտեսագետը նշեց, որ այս խնդիրների հարցում կարծում է՝ իշխանությունը համարժեք քայլեր չի ձեռնարկում: Թեև այսօր էլ կորոնավիրուսի դեմ պայքարի հանձնաժողովի նիստ է կայացել, բայց այդտեղ տնտեսական հարցեր քիչ են քննարկվում: «Հայաստանում տնտեսական խնդիրները լավ չեն համակարգվում: Երեք կարևոր ինստիտուտները, որոնք պետք է լուրջ տնտեսական հարցերով զբաղվեն՝ փոխվարչապետ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով և էկոնոմիկայի նախարարություն, պետք է ավելի խորամուխ լինեն և փոխհամաձայնեցված աշխատեն»,-ասաց նա և նշեց, որ տնտեսական հարցով մշտապես պետք է զբաղվել:
«Այդ երեք ինստիտուտների աշխատանքը նկատելի չէ, ցաքուցրիվ վիճակ է, որի հետևանքով բավականին խնդիրներ են առաջանում: Մենք բազմաթիվ ներդրողների ենք հանդիպել, ռեֆորմներ ենք առաջարկում, բայց անհրաժեշտ հետևողականություն չկա: Ես նույնիսկ կասեի, որ տնտեսական ոլորտում ավելի հետ ենք գնացել: Թվում էր, թե պետական կառույցների ղեկավարների փորձառությունը պետք է ավելանար, բայց ես կասեի, որ մի քանի տարի առաջվա համեմատ նույնիսկ վատթարացել է»,-ասաց նա:
Գագիկ Մակարյանը կարևորեց պետական մակարդակով Իրանի և Չինաստանին կառավարությունների հետ լուծումներ գտնելու փորձերը: «Մենք հիմա գտնվում ենք ֆորսմաժորային վիճակի նախաշեմին, ամբողջ աշխարհում սա ֆորսմաժոր է»,-ասաց նա և կարևորեց նաև դեսպանատների ակտիվ աշխատանքը:
«Պետությունը պետք է նաև համարժեք քայլեր կատարի, որպեսզի կորոնավիրուսից առաջացող վտանգներն օգտագործի հօգուտ զարգացումների: Օրինակ` փորձի խթանել շատ ապրանքների արտադրությունը և դրանով մենք շահած կլինենք»,-ասաց նա:
Անդրադառնալով հանրաքվեին՝ Գագիկ Մակարյանն ասաց, որ այդ առումով պետք է զգուշավոր լիներ, քանի որ տեսականորեն ամեն մի տեղամաս հազար հոգի պետք է այցելի և մարդկանց մոբիլիզացիա, շփումներ են լինելու: «Եթե Հայաստանում կորոնավիրուսի զարգացումներն ուժեղանան, կարող է հանրաքվեն դառնա խնդիր: Այսօր անգամ փոքր կոնֆերանսներն են հետաձգում: Եթե ավելանա կորոնավիրուսով վարակվածների թիվը, հանրաքվեն կարող է ռիսկ առաջացնել և դառնա տարածման պատճառ»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ժամանակավորապես կասեցվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» հուշագիրը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավին կիսվել է Իրանի ապագայի տեսլականով