Ի՞նչ պետք է իմանան անչափահասները նախատոնական օրերին աշխատանքի ընդունվելիս
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը հասարակության, ԶԼՄ-ների եւ պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում անչափահաս անձանց աշխատանքային իրավունքների համատարած խախտումների խնդրի շուրջ՝ միաժամանակ հայտարարելով, որ գրասենյակը իր հերթին պատրաստակամ է իրականացնել հանրային մոնիտորինգ, բացահայտել անբարեխիղճ գործատուներին եւ քայլեր ձեռնարկել խախտումները վերացնելու ուղղությամբ։ Առաջնահերթ կարեւորում ենք իրազեկման աշխատանքը, որը կանխարգելիչ նպատակ ունի։
Բանն այն է, որ նախատոնական օրերին զգալիորեն ավելանում է առեւտի շրջանառությունը, որի արդյունքում խանութները, հատկապես խոշոր սուպերմարկետները ժամանակավորապես աշխատանքի են ընդունում անչափահասների, ովքեր հիմնականում ներգրավված են փաթեթավորման եւ սպասարկման աշխատանքներում։
ՀՀ աշխատանքային օրենսդրությունը նախատեսում է մի շարք սահմանափակումներ եւ լրացուցիչ երաշխիքներ, որոնք պարտավոր են պահպանել եւ ապահովել գործատուները՝ տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան անձանց հետ աշխատանքային հարաբերություններում:
Տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան անձի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել տեղեկանք նրա առողջական վիճակի մասին (սանիտարական գրքույկ): Իսկ մինչեւ տասնութ տարեկան դառնալը աշխատողը պետք է պարբերաբար անցնի բժշկական զննություն` գործատուի հաշվին:
Լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիր չի կարող կնքվել մինչեւ տասնութ տարեկան աշխատողի հետ:
Տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան անձը չի կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին, բացառությամբ մարզական եւ մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի: Պետք է սահմանվի աշխատաժամանակի կրճատ տեւողություն` շաբաթական մինչեւ 36 ժամ: Գիշերային ժամանակի ընթացքում (ժամը 22։00-ից մինչեւ 06։00-ը) չի թույլատրվում աշխատանքի ներգրավել մինչեւ տասնութ տարեկան անձին: Եթե օրական աշխատաժամանակը գերազանցում է 4 ժամը, ապա պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպե: Ամենօրյա անընդմեջ հանգստի տեւողությունը պետք է կազմի 12 ժամից ոչ պակաս, իսկ շաբաթվա ընթացքում պետք է տրամադրվի առնվազն 2 հանգստյան օր:
Մինչեւ տասնութ տարեկան աշխատողը չի կարող ներգրավվել հերթապահության, ինչպես նաեւ ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, որոնք սահմանված են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2308-Ն որոշմամբ:
Մինչեւ տասնութ տարեկան անձանց համար սահմանված են ծանր հետեւյալ աշխատանքները՝
15 կգ-ից ավելի տեղային ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում (ձեռքերի եւ ուսահոդի մկանների մասնակցությամբ) բեռի տեղափոխում մինչեւ 1 մ,
15 կգ-ից ավելի ընդհանուր ծանրաբեռնվածության դեպքում (ձեռքերի, մարմնի, ոտքերի մկանների մասնակցությամբ) բեռի տեղափոխում 1-5 մ,
10 կգ-ից ավելի ընդհանուր ծանրաբեռնվածության դեպքում բեռի տեղափոխում
5 մ-ից ավել,
10 կգ-ից ավելի ծանրության (միանվագ) բարձրացում եւ տեղափոխում ձեռքով` մշտապես աշխատանքային հերթափոխի ընթացքում,
30 կգ-ից ավելի գումարային զանգվածով բեռների տեղափոխում աշխատամակերեսից՝ հերթափոխի յուրաքանչյուր ժամվա ընթացքում
50 կգ-ից ավելի գումարային զանգվածով բեռների տեղափոխում հատակից՝ հերթափոխի յուրաքանչյուր ժամվա ընթացքում,
հերթափոխի ժամանակի 50% եւ ավելի դեպքերում կանգնած դիրքում գտնվելը,
3 կմ-ից ավելի՝ աշխատողի հորիզոնական շարժ հերթափոխի ընթացքում,
1 կմ-ից ավելի՝ աշխատողի ուղղահայաց շարժ հերթափոխի ընթացքում:
Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի եւ այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն եւ փաստաբանական ծառայություններ ստանալու համար դիմեք՝ Հեռ․՝ 094 99 65 04, 096 99 66 04, Հասցե՝ ք. Երեւան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 8։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ