Ժողովրդագրություն` խոստումներ եւ իրական փաստեր. ՀՅԴ-ական տնտեսագետ
Իշխանափոխության ընթացքում եւ դրանից հետո ժողովրդագրության ոլորտում քաղաքական խոստումները նոր թափ ստացան՝ արտագաղթից դեպի հայրենադարձություն, ծնելիության բում, բնակչության թվի շեշտակի աճ եւ այլն: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բնական է, եթե նկատի ունենանք, որ ժողովրդագրական ցուցանիշները մեր երկրում ունեն բացասական կայուն միտում: Ցավոք, այս միտումը շարունակվում է նաեւ ներկայումս, եւ մոտեցել ենք ժողովրդագրական ճգնաժամի շեմին:
Օրվա իշխանությունների տված խոստումները ներկայացնենք առավել մանրամասն:
2018թ. մայիսին եւ դեկտեմբերին ձեւավորված կառավարությունների ծրագրերի համաձայն՝ կառավարությունը ծնելիության խրախուսման եւ բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության արդյունավետության բարձրացման համար պետք է իրականացներ արագ եւ արդյունավետ միջոցառումներ:
Իշխող քաղաքական ուժն իր նախընտրական ծրագրով նախատեսել էր ժողովրդագրական աննախադեպ հավակնոտ նպատակադրում՝ 20 տարում կրկնապատկել բնակչության թիվը, այսինքն՝ մինչեւ 2040թ. ունենալ 6 միլիոն մշտական բնակչություն:
2019թ. Ստեփանակերտի հրապարակում ՀՀ վարչապետը խոստացավ՝ մինչեւ 2050թ. Հայաստանը ունենալու է 5 մլն մշտական բնակչություն:
Ի դեպ, պոպուլիզմի տեսանկյունից հատկանշական է՝ իշխանության գալուց հետո գործողներն իրենց նախկին խոստումը վերանայեցին եւ ամբողջապես համապատասխանեցրին նախկինների խոստացածին՝ իրականացման ժամկետը 10 տարով երկարացվեց, իսկ թիրախն էլ 1 միլիոնով նվազեցվեց: 2018թ. սկզբին նախորդ իշխանությունը քննարկմանն էր ներկայացրել ժողովրդագրական ռազմավարության նախագիծ, որի հիմնական թիրախն էր՝ 2040թ. բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի:
Իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները հայտատարեցին, որ այլեւս նման ռազմավարության անհրաժեշտությունը չկա: Իսկ նոր իրավիճակում պետք է լինի տնտեսական հեղափոխություն եւ կյանքի որակը պետք է թռիչքային աճի: Պետք է ունենանք հայրենադարձության եւ ծնելիության բում:
Շուտով կլրանա 2 տարին: Ի՞նչ է արվել եւ ի՞նչ ունենք:
2018թ. կեսից 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 50 հազար դրամից դարձավ 150 հազար դրամ: Այս փոփոխությունը խնդրահարույց էր դրված նպատակի տեսանկյունից: Եվ մեր մտահոգություններն իրականություն դարձան՝ ունեցանք պետական բյուջեից կատարվող աննպատակ հերթական ծախսը:
2020թ. կեսից ուզում են բարձրացնել մինչեւ 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի ամսական չափը 18000 դրամից՝ 25500 դրամ: 1-ին եւ 2-րդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափերը (50 հազար եւ 150 հազար դրամ) դառնալու են 300 հազար դրամ:
Ստիպված նորից հորդորում ենք՝ բնակչության ընդլայնված վերարտադրություն ապահովելու համար պետական աջակցությունը պետք է առաջնային թիրախավորի 3-րդ եւ հաջորդ երեխաների ծնունդը: Սակայն 3-րդ եւ հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափերի բարձրացում չի նախատեսվում: Հատկանշական է նաեւ՝ ծննդյան միանվագ նպաստը չի կարող հանդիսանալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման առաջնային ու արդյունավետ գործիք: Այս պնդումը բխում է նաեւ միջազգային դրական փորձից:
Իսկ ժողովրդագրական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշներն այդպես էլ «չեն ենթարկվում» իշխանական հորդորներին: Պաշտոնական վիճակագրությունը արձանագրում է հետեւյալը՝
2018թ. մշտական բնակչությունը նվազել է 13400-ով,
2019թ. 1-ին կիսամյակում ծնվածների թիվը նվազել է 150-ով, մահացածների թիվը աճել է 572-ով, իսկ մշտական բնակչությունը նվազել է 8200-ով,
2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ մշտական բնակչությունը նվազել է 11700-ով, որից 9500-ը գյուղական բնակավայրերում,
2019թ. հունվար-սեպտեմբերին՝ բնակչության բնական հավելաճը նվազել է 500-ով, ծնվածների թիվը նվազել է 2017թ. նույն ժամանակահատվածի համեմամտ 1121-ով (4,1 տոկոսով), իսկ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ 20-ով, միգրացիայի մնացորդը կազմել է -14700 (2017թ.՝ -13500, 2018թ.՝ -10900), ՀՀ փաստաթղթերով 35549 քաղաքացիներ անվերադարձ մեկնել են արտասահման, փոխարենը՝ 25692 օտարերկրացիներ, որը կազմում է գործազուրկների ընդհանուր թվի 11 տոկոսը, եկել ու մնացել են Հայաստանում:
Փաստորեն, ծնունդների բումի փոխարեն ունենք կրճատում: Խոստացված հայրենադարձությունը եւս միֆ է: Փոխարենը՝ հետեւողականորեն ավելանում է տնտեսապես հետամնաց որոշ երկրների քաղաքացիների ներհոսքը մեր երկիր՝ իրականում ավելացնելով առկա ռիսկերն աշխատաշուկայում: Սա պայմանավորված է նաեւ այս ոլորտի կարգավորման բացերով:
Հատկանշական է նաեւ, որ գործող կառավարության հնգամյա ծրագրում ոչ մի խոսք չկա բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մասին: Բազմազավակ ընտանիքների աջակցությանը վերաբերող օրենքի նախագիծը իշխանափոխությունից հետո հանվեց շրջանառությունից: Իսկ 2019թ. եւ 2020թ. պետական բյուջեներով, 2020-2022թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագիր եւ ֆինանսական միջոցներ նախատեսված չեն:
Վերջին 30 տարիներին ծնունդների թվի նվազումը հանգեցրել է նաեւ բազմազավակ (4 եւ ավելի երեխա ունեցող) ընտանիքների թվի էական կրճատման: Բազմազավակ ընտանիքների կեսն անապահով է: Այս բացասական միտումները պահպանվում են:
Այստեղ էլ նորից պետք է բարձրաձայնենք՝ պետական աջակցության այս տեսակը ՀՀ Սահմանադրության 83 եւ 86-րդ հոդվածների պահանջն է եւ ժողովրդագրական զարգացման առումով ունի օբյեկտիվ անհրաժեշտություն:
Փոխարենը՝ իշխանությունը օրակարգ է բերել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն ու մեր ժողովրդի ավանդական ընտանեկան արժեքների այլասերման համար իրավական այսօրինակ հիմքերի ապահովումը:
Նորից նույն եւ իրական պատասխանների սպասող հարցերը. «Ե՞րբ են իրականացվելու խոստացված բարեփոխումները ժողովրդագրության ոլորտում: Ե՞րբ ենք արձանագրելու ժողովրդագրական իրավիճակի բարելավման ցուցանիշները»:
Այս հարցերին եւս առաջարկում ենք անդրադառնալ «100 փաստեր» իշխանական ձեւաչափով: Այս նպատակով օրերս հրապարակված այլ հարցերի կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումներով:
Առաջիկայում էլ են լինելու նոր հարցեր՝ իշանության կողմից տրված խոստումների իրականացմանը վերաբերող:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»