Կարեն Բեքարյան. «Հայաստանում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեծ հարված են ՀՀ-ԵՄ հարաբերություններին ու դրանց ընկալմանը ԵՄ-ի կողմից»
Վերլուծաբան Կարեն Բեքարյանը 168.am–ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ–ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև ՀՀ–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։ Ըստ նրա՝ Հայաստանում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեծ հարված են ՀՀ-ԵՄ հարաբերություններին ու դրանց ընկալմանը ԵՄ-ի կողմից։
– Պարոն Բեքարյան, ուղիղ երկու տարի առաջ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳԸ), որն Ասոցացման համաձայնագրի տապալումից հետո առաջին լուրջ ձեռքբերումն էր ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Ներկայումս համաձայնագիրը դեռ մասնակի կիրարկման փուլում է: Ըստ Ձեզ՝ համաձայնագրի ստորագրումից հետո բովանդակային առումով որքանո՞վ են փոխվել Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ:
– Առաջին փոփոխությունը, որն ուշադրության է արժանի, իհարկե, շատ ավելի լայն համատեքստում է: Փաստացի, տեղի ունեցավ բավական մեծ հեռանկար բացող պայմանավորվածության ամրագրում այս համաձայնագրի ստորագրմամբ, որն անդրադառնում էր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին, այսինքն՝ սրանով ՀՀ-ն եվրոպական ուղղությամբ ինտեգրացիոն գործընթացում ահռելի մեծ արդյունք էր արձանագրում: Երկրորդ էական բաղադրիչը, որը բավականին լավ գնահատվեց ժամանակին ՀՀ բոլոր արտաքին գործընկերների կողմից, այն է, որ Հայաստանը ցույց տվեց, օրինակ, որ ինտեգրացիոն գործընթացները կարող են լինել փոխլրացնող: Այսինքն՝ լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, ՀՀ-ն ստորագրեց ԵՄ-ի հետ համաձայնագիր ոլորտային բազմազանությամբ, խորացման հնարավորություններով՝ որոշակի տարաբնույթ հարցերում առաջնահերթություններով. սա ցույց էր տալիս, թե ինչ ձևով կարող են փոխլրացվել ինտեգրացիոն ուղղությունները՝ երկու ինտեգրացիոն միավորումների միջև առանց հակադրում կամ հակասություն առաջացնելու: Սա, իհարկե, առաջին հերթին՝ քաղաքական բավականին մեծ դիվիդենտ էր Հայաստանի Հանրապետության համար, եթե, իհարկե, հաշվի առնենք, թե ինչպիսին էր իրավիճակն ԱլԳ նույն հարթության մեջ դիտարկվող մյուս գործընկերների դեպքում: Հետևաբար՝ սա իսկապես ՀՀ-ի արտաքին քաղաքականության իրական ձեռքբերումն էր: Երբ մենք անդրադառնում ենք հարցին, թե ինչ ունենք, և ինչ տեղի ունեցավ վերջին տարիների ընթացքում՝ ստորագրումից հետո, պետք է դիտարկենք մի քանի բաղկացուցիչ: Առաջինը՝ հիշում ենք, որպեսզի համաձայնագիրը մտնի լիարժեք կիրարկման փուլ, այսինքն՝ ուժ ստանա, անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր երկրների վավերացումը, գործընթացը շարունակվում է, այն ավարտված չէ:
– Գոհացնո՞ղ է, Ձեր գնահատմամբ, այդ գործընթացի տեմպը:
– Ասել, որ դինամիկան մեր պատկերացրած ամենադրականն ու երանելին է, այդպես չէ: Բայց ասել, որ կան արհեստական խոչընդոտներ, այդպես էլ չէ: Պարզապես գործ ունենք տարբեր ներպետական ընթացակարգերով երկրների հետ, և այդ գործընթացն ընթանում է: Համաձայնագրի բավական մեծ հատվածը՝ անգամ չվավերացված պարագայում, երբ կար Եվրոպական խորհրդարանի հավանությունը և ՀՀ-ի կողմից վավերացումը, ուժի մեջ մտած է, հետևաբար՝ երրորդ խնդիրն այստեղ ուժի մեջ մտած հատվածի արդյունավետ կիրառումն ու օգտագործումն է: Այս պարագայում կարող են կարծիքները շատ տարբեր լինել, սկսած քիչ արդյունավետից՝ վերջացրած շատ արտակարգ արդյունավետությամբ: Բայց այս պարագայում գնահատականների մեծ մասը, հավատացեք, կլինեն սուբյեկտիվ: Եթե ցանկանում ենք օբյեկտիվ պատկեր ունենալ, կարիք կա բավականին մեծ հետազոտության ուղղություններից յուրաքանչյուրում՝ ինչ ունեինք մինչ համաձայնագիրը և ինչ ունենք հիմա: Երբ այդ հետազոտությունը չկա, դրա հետ կապված ցանկացած գնահատական իր մեջ ունի սուբյեկտիվ բաղադրիչ: Մեկ այլ կարևոր հանգամանքի մասին ևս նշեմ:
Մի բան է համաձայնագիրը, մի բան է քո գործընկերոջ՝ ի դեմս ԵՄ-ի, ընկալումը քո մասին, կարծիքը երկրում տիրող գործընթացների մասին, որովհետև ԵՄ-ի պարագայում առավելապես կարևոր է այդ բաղադրիչը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ-ն արժեքների վրա հենված կառույց է, որքան էլ որ շահերով աշխատանքի շատ մեծ փորձ ունի: Այս պարագայում, երբ արժեքային հարաբերությունները չեն տորպեդահարվում, հարաբերությունների արդյունավետության շանսերն էապես ցածր են: Այս պարագայում մենք ունենք բավականին ծանր ու վատ վիճակ, խոսքը վերաբերում է նրան, որ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ ուղղակիորեն հակասում են եվրոպական արժեքային համակարգին, օրենքի գերակայությանը, իրավունքի գերակայությանը, և այլն՝ սկսած իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարումից, տեսնում եք՝ ինչ էր կատարվում դատավորների, ՍԴ-ի հանդեպ, վերջացրած քաղբանտարկյալի ինստիտուտի հնարավոր ներարկմամբ:
Այսինքն՝ սա մեծ հարված է ընդհանրապես հարաբերություններին ու դրանց ընկալմանը, շատ դեպքերում՝ անկախ անգամ դիվանագիտորեն հնչող հայտարարություններից:
Եթե դու քո գործընկերոջը մղում ես աշխատելու շահերի դաշտում, արժեքները մի կողմ դնելով, սա արդեն մեծ հարված է հարաբերություններին, քանի որ արժեքային դաշտով համագործակցող գործընկերն ընկալելի է, կանխատեսելի, վստահելի, հետևաբար՝ նա այս պարագայում կիրառում է ռեսուրս, որ ոչ թե ունենա այն, ինչ ցանկանում է ունենալ քեզնից, այլ կիրառում է ռեսուրս քո զարգացման, քո դինամիկայի համար: Սրանք շատ տարբեր կոնցեպտներ են: Այս տեսակետից ունենք բավականին բարդ իրավիճակ:
– Արդեն 2 տարի է, ինչ խոսվում է վիզային ազատականացման երկխոսության մեկնարկի մասին: Ինչո՞ւ է երկարաձգվում այն:
– Վիզային ազատականացման բանակցությունների ստարտի ուղղությամբ ունենք զրո արդյունք, այսինքն՝ եթե անգամ բանակցային գործընթացում ինչ-որ բան տեղից շարժվել է, ապա դեպի հանրայնացում և դեպի ֆորմալիզացում ոչ մի արդյունք չունենք:
Բարդ է ասել հստակ, թե ինչու, քանի որ բանակցությունները բաց չեն ընթանում: Բայց կարող ենք եզրակացնել, որ պատճառներից առաջինն այն է, որ երկրների հետ, որտեղ ազատականացման անցավ ԵՄ-ն, գոհ չէ արդյունքից, հետևաբար՝ պրակտիկան ընդլայնելու դեպքում ռիսկեր է տեսնում: Երկրորդ բաղադրիչը, իմ կարծիքով, ներքաղաքական իրավիճակն է, ներքաղաքական իրավիճակի սրությունը և մթնոլորտը, հետևաբար՝ մտածում են, եթե ազատականացման գնան ներկայիս իրավիճակում, ի՞նչ կբերի սա իր հետ: Այսինքն՝ պատկերացրեք, երբ կան խմբեր, որոնք ոչ նորմալ բանավեճի ներքո են, օգտագործվում են ճնշման մեխանիզմներ, այդ դեպքերում, երբ բաց է դառնում, կարող են հոսքերն ավելանալ: ԵՄ-ն, չեմ բացառում, որ սա ևս հաշվի է առնում և հետևում իրավիճակին: Երրորդ բաղադրիչը՝ կանխատեսելիության խնդիրն իշխանության, նրա կողմից իրականացվող քայլերի, գործողությունների և այլն, այս պարագայում կանխատեսելիության մեջ է մտնում նաև վստահելու հարցը, գործընկեր համարելու հարցը, պայմանավորվածությունները կատարվում են, թե ոչ, երբ ամեն ինչ չի դրվում պոպուլիզմի վրա: Իսկ թե որն է հիմքում իրականում, բարդ է ասելը, քանի որ, ինչպես ասացի, բանակցություններն ընթանում են փակ ռեժիմով:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»