Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության ճանաչումը Հայաստանը չի վերածի դեպի Արեւմուտք ուղղված երկրի. Մարկեդոնով
«Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Հայաստանը կդառնա՞ արդյոք դեպի Արեւմուտք ուղղված երկիր. քիչ հավանական է»՝ «Կոմերսանտ» պարբերականում իր հոդվածում գրում է ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը:
«Պատմությունը՝ պատմություն, իսկ աշխարհագրությունը դեռ ոչ ոք չի չեղարկել: 4 սահմաններից երկուսը փակ են, իսկ ռազմական դաշնակիցը ոչ թե անդրօվկիանոսային գերտերությունն է, այլ Ռուսաստանը, որի՝ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պաշտպանության կոկիկ գիծն Անդրկովկասը պաշտպանում է նոր մասշտաբային հակամարտությունից: Դրան հավելենք Երեւանի եւ Մոսկվայի տնտեսական կապերը, եւ պարզ կդառնա. ով էլ լինի Հայաստանի իշխանությունը, ինչ «թավիշ» էլ ուղեկցի հեղափոխական գործընթացները, այդ երկրում ցանկացած քաղաքական գործիչ չի կարող հաշվի չառնել հյուսիսից եկող «քամին»:
Կկարողանա՞ Ներկայացուցիչների պալատի բանաձեւը վատթարացնել հայ-թուրքական հարաբերությունները: Եթե նման ենթատեքստի տակ բաց հակամարտություն ենք հասկանում, ապա քիչ հավանական է, որ այդպես կլինի: Որքան էլ տարբերվեն Երեւանի եւ Անկարայի տեսակետները Ղարաբաղյան հակամարտության հարցում եւ անցյալի գնահատականները, ՀԱՊԿ-ում Հայաստանի (որքան էլ այդ հանրապետությունում քննադատեն այդ կառույցը) մասնակցությունը Ռուսաստանի հետ համագործակցության խորհրդանիշ է: Իսկ Անկարան եւ Երեւանը հարաբերություններ չունեն ԽՍՀՄ փլուզման պահից:
Այդ դեպքում ո՞րն է բանաձեւի կարեւորությունը: Եվ արդյո՞ք նման կարեւորություն կա: Ռիսկի դիմեմ եւ ենթադրեմ, որ կա: Տվյալ փաստաթուղթը շատ բան կարող է պատմել ամերիկյան արտաքին քաղաքականության առանձնահատկությունների մասին: Առաջին հերթին, այն խոսում է երկու դիսկուրսների՝ արժեքային եւ պրագմատիկ, մշտական պայքարի մասին: ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության թեման բարձրացվում է ամեն տարի: Մյուս կողմից, դրա գործիքային օգտագործումն ակնհայտ է: Այն անմիջապես օգտագործվում է, երբ Անկարայի պահվածքը Վաշինգտոնի մոտ հարցեր է առաջացնում:
Նահանգները հստակ եւ հետեւողականորեն պայքարում են Եվրասիայում ցանկացած մրցակցի հայտնվելու դեմ: Եվ հարցը ամերիկացի քաղաքական գործիչների ռուսաֆոբիան չէ: Նրանք պատրաստ են պատժամիջոցներ կիրառել նրա դեմ, ով կփորձի խախտել ստատուս քվոն՝ առանց գերտերությունների կարծիքը հաշվի առնելու: Այդ առումով հատկանշական է հոկտեմբերի 29-ի քվեարկության ժամանակ հակոտնյաների՝ Էլիոթ Էնգելի, Մայքլ Մքքոլի, Ադամի Շիֆի եւ Դեւին Նունեսի, միասնությունը: Այն օգտագործվում է ընտրողաբար եւ չափավոր: Սակայն առանց դրա՝ ընտրողների, ՀԿ-ների, մեդիաների հետ հաղորդակցությունն անհնար է, եւ այդ ամենն ամերիկյան քաղաքականության կարեւոր մասն է:
Հոկտեմբերյան բանաձեւից հետո շատ բան կարելի է ենթադրել նաեւ հայկական քաղաքականության մասին: Նիկոլ Փաշինյանը որոշումը «խիզախ քայլ» անվանեց: Դա բացատրում է Երեւանի հետաքրքրվածությունը դեպի Արեւմուտքը, որի հանդեպ հետաքրքրվածություն ունեն նաեւ նրա հակառակորդները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը:
Պատճառը պարզ է. Հայաստանի համար կարեւոր է թույլ չտալ Ադրբեջանին մենաշնորհացնել ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում ղարաբաղյան թեման: Ես նկատի ունեմ ռեսուրսների ակնհայտ պակասը, որոնք հաջողությամբ շահում են հասարակական կարծիքի եւ քաղաքական գործիչների համակարանքը:
Բայց ո՞վ թույլ կտա նոր ուժային գործողություն իրականացնել, երբ անցյալի ողբերգություններն աղաղակում են հայ ժողովրդի հանդեպ նման միջոցների դեմ։ Արժե՞ արդյոք զարմանալ, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ որպես անվտանգության պրովայդերի, համադրվում է Արեւմուտքի հետ կոոպերացիայով՝ որպես «փափուկ ուժի» աղբյուր։ Եվ Մոսկվան պետք է հաշվի առնի այս պահը՝ ակտիվացնելով այդ ուղղությունը, հույս չտածելով, որ «հայերը ոչ մի տեղ չեն փախչի»։
Բանաձեւի ընդունումն օգտակար է նաեւ թուրքական քաղաքականության շարժիչ դրդապատճառների ընկալման համար։ Անկարան էլ իր տրամաբանությունն ունի։ Ներկայիս Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդը չէ, որի փլուզումն ուղեկցվում էր բազմաթիվ էքսցեսներով եւ ողբերգություններով։ Այս թեմաների քննարկման կոշտ ռեակցիան թելադրված է ոչ միայն անցյալի հաշիվները վճարել չցանկանալով, այլեւ նախադեպերից ունեցած երկյուղներով։ Մենք ասում ենք «հայեր», «հույներ», բայց հասկանում ենք «քրդեր», նման սխեմա կարող էին ձեւակերպել թուրք քաղաքական գործիչները։ Մանավանդ որ քրդական հարցն այսօր առանձին գործողության խնդիր չէ, այլ շատ բանով՝ թուրքական պետական նախագծի կայացածության։ Այն բնավ միակը չէ, իհարկե, բայց կարեւոր է Անկարայի համար։
Այսպիսով, վերջերս ընդունված փաստաթուղթը դառնում է հայելի շատ երկրների եւ քաղաքական գործիչների համար։ Դրան նայելը կարեւոր է ոչ թե ինքնազմայլվելու, այլ օգտակար դասեր քաղելու համար»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը