Հայաստանում ագրեսիվ վարելու սիրահարների դեմ օրենսդրական կարգավորում է հարկավոր. փաստաբան
Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների հետ կապված միմյանց դեմ բողոքելու հնարավորություն տրամադրելու մասին օրենսդրական նախաձեռնությունը չի բարելավի իրավիճակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արտակ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ քանի որ նախկինում նման կարգավորում չի եղել, քաղաքացիների բողոքների դիտարկումը դժվարություններ է առաջացրել: «Բողոքելը քաղաքացիների իրավունքն է: Այժմ ապահովվել են բողոքների դիտարկման իրավական հիմքերը: Իրավական տեսանկյունից ամեն ինչ ճիշտ է: Վատ է կամ լավ՝ ճաշակի հարց է: Այլ հարց է արդյունավետությունը»,- նկատեց Խաչատրյանը:
Ընդ որում, նա համաձայնեց այն տեսակետի հետ, որ այդպիսով ճանապարհային ոստիկանությունը, փաստացի, որոշ չափով ինքնահեռանում է ճանապարհներին կարգուկանոն հաստատելու գործընթացից: «Երբ տեսախցիկներ էին տեղադրում, նույնպես խոստանում էին, որ այդպես ավելի լավ կլինի: Տեսախցիկներ շարունակում են տեղադրել, սակայն արդյունք չկա: Ստացվում է, որ ճանապարհային ոստիկանության գործողությունները սահմանափակվում են ցուցանիշների ներկայացմամբ եւ տուգանքներով: Իսկ ահա կանխարգելիչ միջոցառումներ չեն նկատվում: Պարզապես խախտումների թիվը մեծ է, եւ նրանք դիմում են բնակչության օգնությանը»,- հայտարարեց փաստաբանը:
Սակայն, նրա խոսքով, դա չի օգնի: «Եթե նախկինում բողոքելու իրենց իրավունքից օգտվում էր, օրինակ 500 քաղաքացի, ապա օրենքի ընդունումից հետո նրանց թիվը, պատկերավոր ասած, կհասնի 600-ի: Սակայն չի լինի այնպես, որ 400 հազար վարորդ կսկսի ակտիվորեն գրանցել 100 հազար վարորդի խախտումները: Դա բացառված է: Ընդ որում, պետք է հաշվի առնել այն, որ ճանապարհային ոստիկանությունը չի դիտարկում եւ չի կարող դիտարկել իրեն ուղղված բոլոր բողոքները: Մի բան է, երբ տեսագրությունն արվել է, ուղարկվել, դրա ուսումնասիրման եւ արձագանքման համար ժամանակ է պահանջվել, մեկ այլ բան, երբ փողոցում կանգնած է ճանապարհային տեսուչը, մեքենայի լուսային ազդանշանները միացրած, եւ դա կզսպի ճանապարհային երթեւեկության բոլոր մասնակիցներին: Իսկ ներկայիս տեսքով գաղափարը միջոցների աննպատակային ծախսման միջոց է՝ խախտումների դեմ պայքարի կարգախոսի ներքո»,- կարծիք հայտնեց Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ վարորդների գրագիտության մասին խոսում են նաեւ «Մի արեք այդպես» խմբում տեսագրությունները: «Այո, լինում են իրական խախտումների տեսագրություններ: սակայն շատ հաճախ դրանք խախտումներ չպարունակող տեսագրություններ են: Պարզապես ինչ-որ մեկին ինչ-որ բան դուր չի եկել»,- հավելեց նա:
Հարցին, թե հաճախ կարելի է հանդիպել փաստացի օրենքով չարգելված, սակայն ցավալի հետեւանքներով հղի ագրեսիվ վարման ձեւ, Արտակ Խաչատրյանը պատասխանեց, որ իսկապես նման պահվածքն անթույլատրելի է: «Ավելի օգտակար կլիներ օրենք մշակել, որը կբացառեր նման պահվածքը: Իսկ ի՞նչ ունենք մենք: Մարդը դուրս է գալիս փողոց գազ տալու համար: Օրենքով դա արգելված չէ, եւ նրանք դրանից օգտվում են: Երթեւեկության մյուս մասնակիցներին դա տհաճ է, եւ հաճախ դա վթարային իրավիճակների պատճառ է դառնում: Խուլիգանություն կամ այլ կերպ դա անվանելը սխալ է: Այս դեպքում օրենսդրական կարգավորում է հարկավոր»,- ընդգծեց Արտակ Խաչատրյանը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը