Պահպանողական կուսակցությունը հորդորում է բուհական պարտադիր ծրագրերից հանել ռուսաց լեզուն
Պահպանողական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է է բուհերի ոչ հումանիտար բաժիններից «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման պարտադիր լինելու դրույթը չեղարկելուն:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Ընդունելով, որ Հայաստանի կրթական համակարգը համաշխարհային զարգացումներին համահունչ արմատական բարեփոխման հրամայականի առջեւ է, միեւնույն ժամանակ արձանագրելով, որ կրթական համակարգին հակացուցված են հեղափոխական մոտեցումները եւ սկզբունքները,
Պահպանողական կուսակցությունը հայտարարում է, որ շտապողական եւ միանգամայն անընդունելի է բուհերի ոչ հումանիտար բաժիններից «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման պարտադիր լինելու օրենսդրական դրույթը չեղարկելու գործադիր իշխանության մի հատվածի տրամադրվածությունը, քանի որ`
ա) բարձրագույն կրթությունը, հանրակրթության շարունակողը լինելով, այսօր իր բուն գործառույթից բացի՝ դատապարտված է լրացնել հանրակրթության բացթողումները (թե՛ գրագիտության որոշակի շեմի, թե՛ ընդհանուր կրթական ու դաստիարակչական մակարդակի հատույթներում). այսինքն՝ տրամաբանությունը պահանջում է բարեփոխումները սկսել դպրոցից եւ բացառապես աստիճանաբար՝ խզում եւ բացատներ չառաջացնելով հանրակրթության եւ բարձրագույն կրթության օղակների միջեւ,
բ) բուհերի բոլոր բաժիններում պետական լեզվի դասավանդումը ոչ միայն չի ենթադրում ընդամենը քերականություն, այլեւ առաջին հերթին այն հայերեն գիտական լեզվաշինության, տերմինաշինության միակ աշխատանոցն է. այսինքն՝ անհրաժեշտ է ընկալել հայերեն գիտական լեզվի եւ սոսկական քերականության կամ խոսակցականի տարբերությունը, եւ միայն տարակուսանքն է առաջացնում, որ դեռեւս 5-րդ դարասկզբին խորապես գիտակցված միանգամայն պարզ այս խնդիրը ընկալումների խոչընդոտների է հանդիպում կրթության ոլորտի նորօրյա որոշ տնօրինողների գոսացած մտքերում,
գ) ամբողջ աշխարհում ընթացող նեղ մասնագիտացված կրթության միտմանը զուգահեռ ընթանում է ներդաշնակ եւ բազմակողմանի՝ հիրավի համալսարանական կրթությունը, որն իր ելքային ցանկալի տվյալները կարող է ապահովել բացառապես այն առարկաների միջոցով, որոնց դեմ ստուգողական արշավ են փորձում սկսել ԿԳՄՍ նախարարության որոշ կասկածելի պաշտոնյաներ:
Եթե խնդիրը մասնագիտական առարկաների համար ժամեր ազատելը կամ ֆինանսական միջոցներ խնայելն է, ապա Պահպանողական կուսակցությունը հորդորում է բուհական պարտադիր ծրագրերից հանել ռուսաց լեզուն, որը գլոբալ աշխարհում եւ Հայաստանի անկախ պետականության պայմաններում այլեւս միանգամայն ավելորդ է եւ չունի այն նշանակությունը, ինչը պարտադրաբար ուներ խորհրդային երկաթե վարագույրի ժամանկներում:
Հասունացել է անմրցունակ եւ Շեպետովկայից անդին ոչ պիտանի ռուսաց լեզուն նաեւ հանրակրթական առարկաների ցանկում աստիճանաբար կամընտրային դարձնելու ժամանակը՝ այն մրցակցության մեջ դնելով աշխարհում առավել գործածական այլ օտար լեզուների՝ ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի, չինարենի հետ:
Այսու՝ Պահպանողական կուսակցությունը Կառավարությանը հաստատակամորեն հորդորում է հրաժարվել հայոց լեզվի, հայ գրականության եւ հայոց պատմության դեմ ցարական եւ կոմունիստական շրջաններին հատուկ ժխտողական վերաբերմունքից, իսկ Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական, հասարակական կառույցներին եւ բոլոր հայրենակիցներին հորդորում է վճռականորեն դիմագրավել հայության հոգեւոր միակ հիմնասյան դեմ նախատեսվող ոտնձգությանը. Ամուլսարն ընդամենը երկրի մի հատվածի ընդերք է, իսկ Հայոց լեզուն հայ ինքնության, հայ էության ընդերքն է, որի ավերման ցանկացած փորձ պետք է կանխվի անխնա եւ դեռ չսկսված:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը