Վրաստանը հույս է հայտնել, որ Ռուսաստանն իր նկատմամբ առևտրային էմբարգո չի սահմանի
Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին հույս է հայտնել, որ Ռուսաստանը երկրի նկատմամբ արտահանման և ներմուծման արգելքներ (էմբարգո) չի սահմանի, գրում է РИА Новости-ն:
«Մեր կառավարությունն ապացուցել է, որ պրագմատիկ քաղաքականությունը հնարավոր է: Տարածքային ամբողջականությունը մեզ համար առաջնահերթություն է, սակայն կարողացել ենք ինտենսիվ մշակութային և տնտեսական հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի հետ և հույս ունենք, որ այդ երկրի կողմից էմբարգո չենք ստանա: Մենք կկարողանանք շարունակել առևտրային հարաբերությունները, այդ թվում՝ գինու ոլորտում»,- ասել է նախարարը՝ կարևորելով, որ այդ հարաբերությունները հիմնված լինեն պրագմատիկ կապերի վրա և զերծ լինեն հույզերից:
Նա նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը «ադեկվատ կերպով» կդիտարկի իրավիճակը:
Ավելի վաղ ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը հայտնել էր Վրաստանում արտադրված և ՌԴ ներկրվող ալկոհոլային ապրանքների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու մասին: Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանում արտադրված և ՌԴ ներկրված ալկոհոլի քանակը, որը չի համապատասխանում պարտադիր պահանջներին, 2014-2018թթ. ավելացել է 2,9 անգամ:
Հիշեցնենք, որ որ Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերությունները սրվել էին հունիսի 20-ի իրադարձություններից հետո, երբ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին, նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Հունիսի 20-ի գիշերը ցուցարարները փորձել էին գրոհել խորհրդարանի շենքը, որից հետո նրանց դեմ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ էր կիրառվել, ինչի հետևանքով 240 մարդ տուժել էր: Բախումներից հետո 305 մարդ բերման էր ենթարկվել:
Բողոքի ցույցերի ֆոնին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանին «թշնամի» էր անվանել՝ մեղադրելով այդ երկրին Վրաստանում հանրային պառակտում ստեղծելու հարցում շահագրգռվածության համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, որի համաձայն ռուսական ավիաընկերություններին արգելվում է օդային փոխադրումներ իրականացնել Ռուստաստանից դեպի Վրաստան՝ խորհուրդ տալով տուր-օպերատորներին տուր փաթեթներ չվաճառել դեպի Վրաստան, իսկ Տրանսպորտի նախարարությունը երկրի տարածքում վրացական ավիաընկերությունների չվերթները դադարեցնելու որոշում էր կայացրել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...