ՌԴ-ում ձերբակալվել է գործարար Ալբերտ Խուդոյանը. զուգահեռներ Լևոն Հայրապետյանի գործի հետ
Անցած շաբաթ Մոսկվայում ձերբակալվել է Optima Development ընկերության սեփականատեր, հայազգի գործարար Ալբերտ Խուդոյանը, որի նկատմամբ դատարանը մինչ օգոստոսի 14-ը տնային կալանք է սահմանել:
Խուդոյանը մեղադրվում է խարդախության, մի ընկերությունից երեք հողատարածք գողանալու և այդպիսով 2 մլրդ ռուբլու վնաս պատճառելու համար: Նրան սպառնում է տասը տարվա ազատազրկում:
Ալբերտ Խուդոյանն իր մեղքը չի ընդունում, իսկ նրա պաշտպանության կարծիքով՝ քրեական գործն ունի «պատվիրված» բնույթ:
«Քրեական գործը հարուցվել է բացառապես որպես գործարարի ակտիվների բռնազավթման գործիք: Այդ գործողությունների հիմնական նպատակը գործարարի վրա ճնշում գործադրելն է, որպեսզի նա իր համար տնտեսական տեսանկյունից ոչ շահեկան որոշումներ կայացնի և փոխանցի բիզնեսը»,-հայտարարել է Խուդոյանի փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը:
Նա մանրամասնել է, որ գործը հարուցվել է՝ ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Իլդար Սամիևի և գործարար Սերգեյ Գովյադինի շահերից ելնելով:
Հատկանշական է, որ դատարանում հանգուցյալ գործարար Լևոն Հայրապետյանի շահերը պաշտպանած փաստաբան Ռուբեն Մարգարյանը զուգահեռներ է անցկացրել Հայրապետյանի և Խուդոյանի գործերի միջև:
«Օրերս առիթ եղավ հիշելու Լևոն Հայրապետյանին: Գործընկերս հիմնավոր բողոքում էր այն մասին, որ Խուդոյանի դեմ քրեական գործը հարուցվել է հետախուզման մեջ գտնվող անձի բողոքի հիման վրա: Դա ինձ բացարձակապես չզարմացրեց, քանի որ իմ պաշտպանյալ Լևոն Հայրապետյանին դատապարտեցին մի գործով, որի շրջանակում տուժողը սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված սենատոր Իզմեստևն էր»,- rusarminfo.ru-ի հետ զրույցում ասել է Մարգարյանը:
Աղբյուրը նկատում է, որ գործի «պատվիրված» բնույթի մասին է վկայում հենց դատավարության ընթացքը: Ի սկզբանե դատական նիստը պետք է բաց լիներ, հետո դատավորի վճռով այն դռնփակ դարձավ: Նույնիսկ վկաներին սկսեցին թույլ չտալ մասնակցել դրան:
Գործին անդրադարձել է հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, որի համոզմամբ՝ դա ընթացակարգային բոլոր նորմերի խախտում է:
«Մարդը պարզապես դուրս է գալիս և բաց տեքստով ասում՝ «դատավորն ասաց՝ ոչ մեկին ներս չթողնել»: Բայց ինչպե՞ս դատավորը կարող է ասել «ներս չթողնել»: Այս ի՞նչ եք ասում: Այդ մարդը (Խուդոյանը-tert.am), որը երկար տարիներ զբաղվել է հաջողակ բիզնեսով, միշտ էլ կատարել է իր պարտավորությունները: Նա բազմաթիվ առևտրային կենտրոններ է կառուցել: Այս ամենը տեղի է ունենում միայն նրա համար, որպեսզի նրան ճնշեն և ինչ-որ բիզնես շահեր բավարարվեն»,-ասել է Սոբչակը:
Խուդոյանի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի դեմ բողոքած մյուս անձը՝ Գովյադինը, քննիչի ներկայությամբ կասկածյալից 100 մլն դոլար է պահանջել գործի կարգավորման համար: Նրա խոսքով՝ դա հիմք է տալիս ստուգում սկսելու այն հարցի շուրջ, որ հայցվորները կարող են գաղտնի դավադրության մեջ լինել:
Անցած ուրբաթ հայտնի է դարձել, որ Խուդոյանի գործը փոխանցվել է «Բիզնեսն ընդդեմ կոռուպցիայի» փորձագիտական գնահատման կենտրոնին: ՌԴ բիզնես օմբուդսմեն Բորիս Տիտովը հայտարարել է, որ հայցը ներկայացրած կողմն արբիտրաժային դատարանով անհրաժեշտ փուլը չի անցել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...