Արարատ լեռան ստվերում. մեքսիկացի բլոգերի տպավորությունները Հայաստան աշխարհից
Մեքսիկացի հայտնի գործարար, բլոգեր Դեբի Բըրդը նախորդ շաբաթ Հայաստան այցելությունից հետո ծավալուն և գեղեցիկ հոդված է հրապարակել Հայաստանի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա անդրադարձել է նաև Հայաստանում Մեքսիկայի պատվավոր հյուպատոսությանը:
Հոդվածում բլոգերը նշում է, որ Հայաստանը գտնվում է Կովկասի լեռնային շրջանում, Ասիայի և Եվրոպայի միջև. հրաբուխների, եկեղեցիների և հնագիտական գանձերի երկիր Հայաստանը մշակույթների և պատմությունների հետաքրքրաշարժ համադրություն է:
«Հայաստանի մայրաքաղաք Երևանը հայտնի է որպես Վարդագույն Քաղաք՝ այս տարածքի խորհրդանշական վարդագույն հրաբխային քարից՝ տուֆից կառուցված շենքերի առկայությամբ պայմանավորված։ Հռոմից 29 տարի առաջ կառուցված Երևանը ամենահին բնակեցված քաղաքներից մեկն է, նրա պատմությունը սկսվում է VIII դարից և այն հանդիսանում է անցյալի հրաշքների օջախ: Օրինակ՝ Մատենադարանը, որտեղ պահվում են հազարավոր հունական և հայկական ձեռագրեր, գլխավորում է հիմնական պողոտան։ Տեղակայված լինելով Մետաքսի ճանապարհի մայրցամաքային միացման կետում՝ Երևանը մեզ տեղափոխում է անցյալի գիրկը։
Երևանից մենք ուղևորվեցինք այս կախարդական և հետաքրքիր երկրի հրաշքների հետևից։ Ազատ գետի կիրճի և Գեղամա լեռների նկատմամբ իշխող դիրք ունեցող եռանկյուն ժայռի եզրին գտնվող Գառնու տաճարը հունահռոմեական ոճի սյուներով միակ կանգուն շինությունն է նախկին Խորհրդային միության տարածքում և Հռոմից ամենահեռու գտնվողը: Կառույցը, հավանաբար, կառուցվել է Տրդատ I-ին թագավորի կողմից, առաջին դարում՝ որպես արևի աստված Միհրի տաճար: 4-րդ դարի սկզբին Հայաստանում քրիստոնեությունը ընդունելուց հետո այն դարձել է Տրդատի քրոջ՝ Խոսրովադուխտի արքայական ամառանոցը: Որոշ գիտնականների կարծիքով` այն եղել է ոչ թե տաճար, այլ գերեզմանոց, և այդ պատճառով էլ այն գոյատևել է հեթանոսական կառույցների համընդհանուր ոչնչացումից հետո։
Տպավորիչ և գեղեցիկ Գառնու տաճարը գտնվում է Գեղարդի վանքից մի փոքր հեռու։ Վանքը ժայռափոր եկեղեցիների, գերեզմանոցների և միջնադարյան շինությունների բարդ համալիր է և գտնվում է բնության գեղեցկագույն վայրում՝ Ազատի հովտում:
Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի հայտնի հոգևոր և մշակութային կենտրոնն է, որտեղ բացի կրոնական շինություններից կարելի է տեսնել դպրոց, միջնադարյան աշխատասենյակ, գրադարան և հոգևորականների համար ժայռերի վրա փորված բնակելի խցեր: Առեղծվածային և հետաքրքիր մի վայր, որն արտացոլում է Հայաստանի խորհրդավոր և հետաքրքիր ոգին»,- ասված է հոդվածում:
Նա հավելում է, որ այս հրաշալի վայրեր անհավանական այցելությունից հետո վերադարձել են գեղեցիկ Երևան, որտեղ վայելել են Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայի ընկերակցությունը, ով օգնել է ճանաչել և բացահայտել քաղաքի ամենանրբագեղ դեմքը` իր հրաշալի խոհանոցով, աշխույժ միջավայրով և հյուրասեր մարդկանցով:
«Երևանում այցելեցինք Կոմիտասի գեղեցիկ թանգարան, որը նվիրված է հայազգի հայտնի երաժշտագետ և կոմպոզիտոր Կոմիտասին: 2015 թ. իր դռները բացած այս թանգարանը գտնվում է Կոմիտասի անվան այգու Պանթեոնի կողքին և մեզ պատմում է այս հանճարեղ անձնավորության հետաքրքիր կյանքի մասին:
Իր մշտական ուղեկից Արարատ լեռան ֆոնին՝ Երևանը մի գրավիչ քաղաք է, որի պատմությունը, մշակույթը և մարդիկ մեզ ստիպում են սիրահարվել նրան»,- եզրափակել է Դեբի Բըրդը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...