Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է համագործակցել Ս-500-ների ստեղծման գործում
Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է համագործակցել հակաօդային պաշտպանության համակարգի հաջորդ սերնդի՝ Ս-500-ների ստեղծման գործում։ Այս մասին թուրքական Անադոլու գործակալության հարցազրույցում ասել է «Ռոստեխի» տնօրեն Սերգեյ Չեմեզովը։
«Ս-500-ները ներկայում մշակման փուլում են եւ կդառնան ռուսական արդիական հակաօդային պաշտպանության համակարգ, որը հավասարը չունի աշխարհում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ երկու երկրները կարող են իրենց ավանդը ներդնել նման նախագծում։
Նա հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ առաջին երկիրն է, որը ստորագրել է պայմանագիր ռուսական Ս-400 հակատանկային համակարգի վերաբերյալ։ Չնայած Ս-400-ների գործարքի դեմ աննախադեպ ճնշմանը՝ Թուրքիան շարունակում է ուղղակի եւ հետեւողական դիրքորոշում զբաղեցնել պայմանագրի բոլոր դրույթների կատարման հարցում, տեղեկացրել է Չեմեզովը։ «Մենք Ս-400-ների մասին պայմանագիրը ստորագրել ենք 2017 թվականին, եւ մինչեւ այս տարվա վերջ նախատեսում ենք ավարտել բոլոր մատակարարումները»,- ասել է Չեմեզովը՝ հավելելով, որ գործարքը նշանակալի էր ինչպես Մոսկվայի, այնպես էլ Անկարայի համար։
Ռուսաստանը պատրաստ է փոխարինել F-35-ը Սու-57-ով
Չեմեզովն ընդգծել է, որ Ռուսաստանը «պատրաստ է համագործակցել» Անկարային Սու-57 կործանիչներ վաճառելու հարցում, եթե Թուրքիայի մասնակցությունը F-35 ծրագրին անհաջողության մատնվի։
«Հինգերորդ սերնդի այդ ռուսական կործանիչները (Սու-57) շատ բարձր որակներ ունեն»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ինքնաթիռները պատրաստ են վաճառքի։
Պատասխանելով Թուրքիայում Ս-400-ների եւ Սու-57-երի հնարավոր արտադրության մասին հարցին՝ Չեմեզովն ասաց, որ Ռուսաստանը «գոհունակությամբ կգնահատի» Թուրքիայի ցանկացած առաջարկություն տեխնոլոգիաների տեղայնացման կամ փոխանցման վերաբերյալ։ «Մենք պատրաստ ենք աջակցել Թուրքիայի ձգտմանը՝ զարգացնել սեփական պաշտպանական արտադրությունը»,- ավելացրել է Չեմեզովը։
Քաղաքացիական համագործակցություն
Չեմեզովը նաեւ նշել է, որ «Ռոստեխը» կցանկանար «ամուր եւ երկարաժամկետ» համագործակցություն հաստատել Թուրքիայի հետ պաշտպանության ոլորտում, ինչպես նաեւ քաղաքացիական տեխնոլոգիաների բնագավառում, ինչպիսին է ուղղաթիռների արտադրությունը։
Նա նշել է, որ թուրքական TUSAS / TAI աերոտիեզերական կորպորացիան արտադրում է ուղղաթիռների տարբեր մասեր, որոնք ռուսական ընկերությունները կարող էին օգտագործել եւ արտոնագրել ռուսական արտադրության ինքնաթիռներում օգտագործելու համար։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային մատակարարել տարբեր տեսակի ուղղաթիռներ։ «2018 թվականին մենք ստորագրել ենք պայմանագիր Թուրքիային հրդեհների դեմ պայքարի երեք Կա-32 ուղղաթիռ մատակարարելու մասին։ «Ռոստեխը» մտադիր է այսուհետ եւս զարգացնել համագործակցությունը Թուրքիայի հետ հրշեջ ավիացիայի ոլորտում»,- ասել է նա։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...