Ի՞նչ է կատարվում ռուս-բելառուսական հարաբերություններում, և ինչո՞ւ է Լուկաշենկոն Էրդողանին «եղբայր» անվանում. բելառուսցի քաղաքագետ
Բելառուսական ապրանքները Ռուսաստան արտահանելու ընթացքում Մինսկը պարբերաբար հանդիպում է խոչընդոտների: Բելառուսական կողմը կարծում է, որ ՌԴ կողմից հրահրվող խոչընդոտները շատ դեպքերում արհեստական են և ոչ արդարացի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բելառուսցի քաղաքագետ Ալեքսեյ Ձեռմանտը: Ըստ նրա՝ խոչընդոտներն ունեն սիստեմատիկ, խրոնիկ բնույթ, փակում են մեկ այս, մեկ այն արտադրողների մուտքը ռուսական շուկա և հարցը երկար ժամանակ չեն լուծվում: Միաժամանակ քաղաքագետը նշեց, որ իրավիճակն այնպիսին չէ, որ Բելառուսը դիմի կտրուկ քայլերի ու դուրս գա ԵԱՏՄ-ից:
- Ի՞նչ է կատարվում ռուս-բելառուսական հարաբերություններում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե բելառուսական արտադրանքի ներմուծումը սահմանափակելու Ռուսաստանի որոշումը գործնականում հավասարազոր է պատժամիջոցի: Ինչո՞ւ է ՌԴ-ն նման քայլեր ձեռնարկում:
- Հարցը նրանում է, որ բելառուսական արտադրանքի վերաբերյալ պարբերաբար վեճեր են ծավալվում, երբ պաշտոնական Մինսկը արտահանում է դրանք Ռուսաստան: Արտահանման ընթացքում մենք պարբերաբար հանդիպում ենք խոչընդոտների և բելառուսական կողմը կարծում է, որ ՌԴ կողմից հրահրվող խոչընդոտները շատ դեպքերում արհեստական են և ոչ արդարացի: Խոչընդոտներն ունեն սիստեմատիկ, խրոնիկ բնույթ, փակում են մեկ այս, մեկ այն արտադրողների մուտքը ռուսական շուկա և հարցը երկար ժամանակ չեն լուծվում:
Հասկանալի է, որ այս հարցը չի կարող այսպես մնալ, այն լուծում է պահանջում: Չեմ կարծում, որ տնտեսական մեկ միության անդամ պետությունների միջև նման խնդիրները նորմալ են: Վստահ եմ, որ ռուսական կողմը իր փաստերն է բերում, բայց ելքը մեկն է՝ հարցը պետք է լուծվի` լինի ԵԱՏՄ շրջանակներում, թե երկկողմ:
- Ալ. Լուկաշենկոն անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը լկտիացել է և Բելառուսի ձեռքերն է ոլորում: Սա կո՞շտ հայտարարություն չէ դիվանագիտության մեջ:
- Հայտարարություններն, իհարկե, կոշտ են, որովհետև տարիներ շարունակ հարցը չի լուծվում: Բելառուսի նախագահը փորձում է էմոցիոնալ հայտարարություններում գրավել ՌԴ իշխանությունների ուշադրությունը: Եթե Ռուսաստանը հետաքրքրված է բնականոն գործընկերությամբ, ուրեմն հարցերը պետք է լուծվեն, եթե ոչ, ապա, հետևաբար մենք կփորձենք գտնել այլ շուկաներ:
- Բելառուսը չի՞ վախենում կորցնել ՌԴ-ին որպես գործընկերոջ:
- Հույս ունեմ, որ առողջ միտքը կհաղթի և հարաբերությունները կկարգավորվեն: ՌԴ համար անվտանգության տեսանկյունից Բելառուսը կարևոր գործընկեր է, իսկ Բելառուսի համար ՌԴ-ն տնտեսապես կարևոր գործընկեր է: Վաղ թե ուշ, հույս ունեմ, որ կոնսենսուսային որոշում կգտնվի, համաձայնության կգան, իսկ մինչ այդ, այո, հնչում են էմոցիոնալ հայտարարություններ, որոնք նպատակ ունեն լուծելու հարցերը:
- Ասացիք, որ Բելառուսը կփորձի գտնել այլ շուկաներ: Դուք նկատի ունեք մասնավորապես թուրքակա՞ն շուկան:
- Երբ բելառուսական չոր կաթի հետ խնդիրներ առաջացան, Ռուսաստանը փակեց իր շուկան այս արտադրանքի համար, մենք դուրս եկանք չինական շուկա: Ճիշտ է, արտահանման տեսանկյունից մենք Չինաստան չենք ուղարկում այն նույն ծավալները, որոնք Ռուսաստան էինք ուղարկում, բայց ամեն դեպքում սա դրական է: Իրավիճակը ստիպում է փնտրել այլընտրանքներ, գտնել նոր շուկաներ: Եթե Ռուսաստանը փակում է իր դռները, մենք ստիպված ենք ինքներս գտնել շուկա մեր արտադրանքը ներկայացնելու համար:
- Լուկաշենկոն Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանին «եղբայր» է անվանել, անգամ ասել է, որ աղոթում է «Աստծուն և Ալլահին, որ այդ հարաբերություններին ոչինչ չխանգարի»: Թուրքական շուկայից ի՞նչ սպասելիքներ կան:
- Թուրքական շուկան, ըստ էության, հետաքրքրված է բելառուսական արտադրանքով, բայց կա մի խնդիր՝ մենք գնում ենք թուրքական արտադրանքը ավելի շատ, քան՝ իրենք են գնում մերը: Այսինքն՝ մենք ավելի շատ ներկրում ենք Թուրքիայից, քան՝ արտահանում Թուրքիա: Բելառուսը հետաքրքրված է այս տարբերությունը հավասարակշռելով, մենք ուզում ենք հավասարեցնել ծավալները:
- Ռուս-բելառուսական հարաբերություններն այնքան լարված են, որ ՌԴ-ն կարող է դո՞ւրս գալ ԵԱՏՄ-ից:
- Կարծում եմ, որ այս ամենը չի ազդի ինտեգրացիոն պրոցեսների վրա: Դրված չէ հարց՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու: Այս մասին պարբերաբար բանավեճեր են անցկացվում, բայց չեմ կարծում, թե պաշտոնական Մինսկը կգնա ծայրահեղ քայլերի ու դուրս կգա ԵԱՏՄ-ից:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026