Բրիտանիայում նշել են Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու պայմանը
Մեծ Բրիտանիան Ջուլիան Ասանժին կարող է հանձնել միայն ԱՄՆ գրավոր երաշխավորության դեպքում, որ Wikileaks-ի հիմնադրին մահապատիժ չի սպառնում, եւ որ նրան կդատեն միայն այն բանի համար, ինչը պատրվակ է ծառայել արտահանձնման հարցապնդման համար, հետեւում է կառավարության կայքի տեղեկանքից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ինչպես նախօրեին տեղեկացրել էր ԱՄՆ արդարադատության նախարարությունը, ԱՄՆ-ում Ասանժը մեղադրվում է դավադրության մեջ՝ համակարգչային կոտրում իրականացնելու նպատակով։ Նրա կալանման ու արտահանձնման որոշումը ԱՄՆ-ն ուղարկել է Բրիտանիա անցած տարվա դեկտեմբերին։ Մեղադրական դատավճռի կայացման դեպքում նրան սպառնում է առավելագույնը հինգ տարի բանտարկություն, բայց սովորաբար իրական ժամկետներն ավելի քիչ են օրենքով նախատեսված առավելագույնից։
Բրիտանական մեղադրանքի համաձայն (գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանների խախտում եւ դատարան չներկայանալ)՝ Ասանժին սպառնում է 12 ամսվա ազատազրկում։ Այնուամենայնիվ, Wikileaks-ի հիմնադրի կողմնակիցները պնդում են, որ ԱՄՆ-ում Ասանժին կարող են նոր մեղադրանքներ առաջադրել, այդ թվում լրտեսության մասին, ինչը կարող է հանգեցնել ավելի երկարատեւ բանտարկության։ Ոմանք կարծում են, որ ԱՄՆ-ում Ասանժին կարող է մահապատիժ սպառնալ։ Բայց պաշտոնական անձինք դա չեն հաստատում, բոլոր հայտարարությունները ենթադրություններ են մնում։
Մեծ Բրիտանիայում արտահանձնման մասին որոշում կայացնում է անձամբ ներքին գործերի նախարարը, բայց նա ղեկավարվում է եվրոպական ու բրիտանական օրենսդրության դաժան կանոններով ու նորմերով։
«Արտահանձնումն արգելված է օրենսդրական կարգով, եթե սույն անձին սպառնում է մահապատիժ (եթե նախարարը համապատասխան գրավոր երաշխիքներ չստանա, որ սույն անձը չի դատապարտվի մահապատժի, կամ, եթե դատապարտվի՝ այդ դատավճիռն ի կատար չի ածվի)»,- նշվում է բրիտանական կառավարության կայքի տեղեկանքում։
Արտահանձնումը արգելվում է նաեւ այն դեպքում, եթե հայց ներկայացնող կողմի հետ չկա պաշտոնական պայմանավորվածություն այն մասին, որ արտահանձնվողին կդատեն միայն այն բանի համար, ինչը պատճառ է հանդիսացել արտահանձնման հարցապնդման համար։
Երրորդ պատճառը, որի համար նախարարը կարող է մերժել արտահանձնումը, ոչ մի կերպ չի վերաբերում Ասանժին. Բրիտանիան չի կարող արտահանձնել մարդուն, որն արդեն արտահանձնվել է Բրիտանիային երրորդ երկրից, եթե չկա այդ երրորդ երկրի պաշտոնական համաձայնությունը։
«Եթե այս երեք տարբերակներից ոչ մեկը չի կիրառվում այս գործում, նախարարը պետք է հավանություն տա արտահանձնմանը։ Իսկ եթե արտահանձնումն արգելվում է, սույն անձը պետք է ազատ արձակվի»,- ասվում է կառավարության տեղեկանքում։
Նախարարը պետք է արտահանձնման մասին որոշում ընդունի գործը դիտարկման վերցնելուց հետո երկու ամսվա ընթացքում։ Նա իրավունք ունի դիմել Գերագույն դատարան՝ խնդրելով երկարացնել այդ ժամկետը, ընդ որում՝ դա կարող է անել մի քանի անգամ։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026