Իրանցի պատգամավորներն ի նշան ԱՄՆ-ի դեմ բողոքի խորհրդարան են գնացել զինվորական համազգեստով
Իրանցի պատգամավորներն ապրիլի 9-ին խորհրդարան են գնացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորական համազգեստով՝ այդ կերպ բողոքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պահապանների կորպուսն «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու որոշման դեմ:
Ինչպես նշում է The Guardian-ը, նրանցից ոմանք բղավել են «Մա՛հ Ամերիկային» կարգախոսը:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ այժմ ԱՄՆ-ն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն «Իսլամական պետության» և «Ալ Քաիդա»-ի հետ նույն շարքին է դասել: Բացի այդ, Վաշինգտոնն արդեն «սև ցուցակում» է ներառել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչություն ունեցող տասնյակ ընկերությունների և անձանց: Հայտնի է, որ Թրամփի որոշումն արդեն ողջունել են Իրանի թշնամի պետություններ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան:
Հայտնի է, որ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, որը երկրի բոլոր պետական գործերում «վերջին խոսքն» ասողն է, արդեն հանդիպել է կորպուսի անդամների հետ: Նա ընդգծել է, որ ամերիկացիների՝ Իրանի և Իսլամական հեղափոխության դեմ քայլերը չեն կարող որևէ վնաս պատճառել:
Մինչդեռ երկրի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն, ի պատասխան, կդասակարգվի որպես «ահաբեկչական կազմակերպություն», իսկ ԱՄՆ կառավարությունը՝ ահաբեկչության հովանավոր երկիր:
«Դուք ո՞վ եք, որպեսզի հեղափոխական ինստիտուտներն ահաբեկչական որակեք: Համաշխարհային ահաբեկչության առաջնորդը հենց դուք եք: Ձեր թույլ տված սխալը կմիավորի իրանցիներին ու պահապանների կորպուսին, որն Իրանում և տարածաշրջանում ավելի ազդեցիկ կդառնա»,-ասել էր Ռոհանին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ունի 125 000 անդամ, բանակային, ռազմածովային և ռազմաօդային ստորաբաժանումներ և հաշվետու է միայն այաթոլլահ Ալի Խամենեիին: Կորպուսը պատասխանատու է երկրի հրթիռային ծրագրի, ինչպես նաև այլ երկրներում ռազմական գործողությունների համար:
Հայտնի է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստեղծվել է 1979թ. տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Թրամփը հայտարարել էր, որ երկրի իշխանություններն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» են ճանաչում:
«Սա Պետքարտուղարության կողմից իրականացված աննախադեպ քայլ է, որը ճանաչում է այն փաստը, որ Իրանը ոչ միայն ահաբեկչությունը հովանավորող երկիր է, այլ նաև այն, որ Հեղափոխության պահապանների կորպուսն ակտիվորեն մասնակցում է դրա ֆինանսավորմանն ու ահաբեկչությունը կիրառում է որպես պետական կառավարման գործիք»,-ասվում է հայտարարությունում:
Ավելի վաղ ոլորտի փորձագետները նախազգուշացրել էին, որ եթե, այնուամենայնիվ, այս որոշումը կայացվի, ապա ԱՄՆ-ի և Իրանի առանց այն էլ լարված հարաբերություններում սրացման նոր փուլ կսկսվի:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026