Պուտինի գաղտնի երեք սցենարները
Bloomberg ամերիկյան հանդեսի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմը քննարկում է նրա իշխանությունը երկարաձգելու հնարավորությունները: Պուտինի նախագահության թվով արդեն 4-րդ ժամկետը կսպառվի 2024-ին: «Երկու ժամկետ առաջ» նրա իշխանության շարունակումը լուծվել է փոխատեղման տարբերակով, քանի որ Սահմանադրությամբ բացառվում է երրորդ անգամ առաջադրվելու հնարավորությունը: Պուտինը ստանձնել է վարչապետի պաշտոնը, իսկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ և «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության լիակատար աջակցությամբ, ընտրվել է նախագահ:
2008-12թթ. փոխատեղումը կրկնելու հնարավորությունը տեսականորեն հիմա էլ կա, սակայն վերլուծաբանների շրջանում ենթադրում են, որ այս անգամ Կրեմլը չի ցանկանա նույն հնարքը կիրառել: Ուստի Պուտինի շրջապատն աշխատում է նոր հնարավորությունների վրա:
Դրանցից մեկը կլինի Ռուսաստանի և Բելառուսի միավորմամբ միութենական նոր պետության ստեղծումը: Նման պարագայում, ըստ «Ազատության», Պուտինը կարող է դառնալ այլևս նոր երկրի ղեկավար և այդպիսով չխախտել Ռուսաստանի Սահմանադրությունը:
Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարող է մերժել այդ հնարավորությունը, եթե զգա, որ ինքն անձամբ դրանից ոչ մի քաղաքական շահ չունի: Նա էլ է, ի վերջո, մտահոգված քաղաքական ապագայով և փորձում է լուծումներ գտնել: Մեկ այլ տարբերակի հիմքում կան Ղազախստանում տեղի ունեցածի որոշ տարրեր: Ղազախական տարբերակը գայթակղիչ է, բայց կան բարդություններ: Ռուսաստանում կարող են ստեղծել մի նոր ատյան՝ Պետական խորհուրդ, որին կփոխանցվեն հսկայական լծակներ:
Անդրեյ Կոլյադինը, ով նախկինում Կրեմլի պաշտոնյա էր, իսկ այսօր Կրեմլի քաղաքական խորհրդականներից է, Bloomberg-ի փոխանցմամբ, ասել է, թե Նազարբաևի սցենարը հետաքրքիր է: «Դա կարող է ընդունելի լինել քաղաքական վերնախավի համար, քանի որ էլիտային անհրաժեշտ է գերագույն անաչառ մրցավար, ով կարող է հսկել և ազդել իշխանափոխության գործընթացի վրա»,- ասել է Կոլյադինը: Պուտինը կարող է դառնալ այդ խորհրդի ղեկավարը: Նազարբաևը հրաժարվել է նախագահի պաշտոնից, սակայն մնացել է Անվտանգության խորհրդի նախագահ և ունի «ազգի լիդերի» տիտղոսը: Բայց Պուտինի պարագայում ղազախական տարբերակի պատճենը կարող է չաշխատել: Ռուսական քաղաքական-տնտեսական համակարգը շատ ավելի բարդ է ղազախականի համեմատությամբ:
Հետաքրքրականն այն է, որ Ռուսաստանում որոշ շրջանակներ թեժ մրցակցության մեջ են, իսկ «մրցավարը» գուցեև չի կարողանա բացարձակ չեզոք և հավասար հսկողության տակ պահել բոլորին, ինչը կհանգեցնի առճակատումների:
«Պուտինը չի կարող հավերժ իշխել, նա մահկանացու է, և եթե չապահովի հանդարտ, կառավարելի իշխանափոխություն, շատ վատ վիճակ կստեղծվի, ու բոլորն իրար կոկորդ կկրծեն»,- ասել է սոցիոլոգ Օլգա Կրիշտանովսկայան: Պուտինը նաև չի կարող իր իշխանության մի մասն անուղղակի եղանակով փոխանցել զավակներին, ինչպես դա արել է Նազարբաևը, որի հրաժարականից հետո Սենատի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը դարձել է նախագահ, իսկ Սենատի նախագահ է դարձել Նազարբաևի դուստրը՝ Դարիգան: Պուտինը բազմիցս է ընդգծել, որ իր դուստրերը քաղաքական ասպարեզի հետ կապ չունեն: «Պուտինը կարող է նախանձել Նազարբաևին, նրա դեպքում այդ տարբերակը չի աշխատի»,- ասել է Կենտրոնական Ասիայի հարցերով մոսկվացի փորձագետ Արկադի Դուբնովը:
Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ չի ցանկանում հանուն իշխանության փոխել Սահմանադրությունը, մինչդեռ խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նկատել է տվել, որ այս տարվա դեկտեմբերին հնարավոր է բարեփոխել մայր օրենքը:
Եվ վերջապես կա երրորդ՝ առավել դասական տարբերակը, ըստ որի՝ քաղաքական-պատմական ժառանգությունը պահպանելու համար Պուտինը կփորձի գտնել, դաստիարակել և բարձրագույն պաշտոնի նախապատրաստել փոխարինողին: Կրեմլը դեռ հրաժարվում է հայտնել, թե որ տարբերակներին է նախապատվություն տալիս: Ինքը Պուտինը մի առիթով կեսկատակ ասել է.- «Դուք ինչ է, կարծում եք ես մինչև 100 տարեկան այստե՞ղ եմ մնալու, իհարկե ոչ»:
Պուտինն, ակնհայտորեն, շարունակում է պահել ինտրիգը, և դեռ երկար կպահի: Երեք տարբերակներից որևէ մեկի մասին բարձրաձայնելով՝ նա, ինչ-որ առումով, կկորցնի հետաքրքրությունը: Ավելին՝ թիմի ներսում կմեծանա լարումը, որի մասին վաղուց են խոսում:
Հետևաբար, նրան մնում է պահել ու պահել իր ապագայի մասին մեծ ինտրիգը…

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026