ՄԱԿ. Վերջին երեք տարիներին աշխարհում սպանվել է ավելի քան հազար իրավապաշտպան եւ լրագրող
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը համաշխարհային հանրությանը կոչ է արել անպատիժ չթողնել լրատվամիջոցների աշխատակիցների եւ իրավապաշտպանների դեմ կատարվող հանցագործությունները։ Վերջին երեք տարիներին աշխարհում սպանվել է ավելի քան հազար իրավապաշտպան եւ լրագրող, ասել է նա՝ երկուշաբթի հանդես գալով Ժնեւում, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 40-րդ նստաշրջանի բացման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ավելի քան հազար իրավապաշտպան եւ լրագրող է սպանվել վերջին երեք տարիներին»,- ասել է Գուտերիշը՝ կոչ անելով «ավելի շատ բան անել» նրանց պաշտպանելու եւ բռնաճնշումները դադարեցնելու, մեղավորներին պատասխանատվության կանչելու համար։ «Մենք չպետք է հանդուրժենք գրեթե լիակատար զայրացուցիչ անպատժելիությունը լրագրողների եւ լրատվամիջոցների այլ աշխատակիցների հանդեպ հանցագործությունների հարցում»,- նշել է նա։
Համաշխարհային կազմակերպության ղեկավարը նաեւ մտահոգություն է հայտնել ինտերնետում եւ սոցցանցերում այլատյացության, ռասիզմի եւ անհանդուրժողականության տարածման առիթով, ներառյալ հակասեմականությունն ու ատելությունը մուսուլմանների հանդեպ։ Նա ուշադրություն է դարձրել «փախստականներին եւ միգրանտներին ահաբեկչության հետ կապելու» փորձերին եւ «չարաբաստիկ արշավին», որն ուղղված է այն բանին, որպեսզի «ստի հորձանուտում խեղդվի միգրացիայի վերաբերյալ համաձայնությունը»։ Գուտերիշը տեղեկացրել է, որ ցեղասպանության կանխման հարցերով իր հատուկ խորհրդական Ադամ Դիենգային հանձնարարել է «ՄԱԿ թիմ հավաքել» այն հայտարարություններին պատասխանելու համար, որոնք հրահրում են ատելություն, եւ ներկայացնել համապատասխան «գործողությունների գլոբալ պլան»։
Իր խոսքում գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ՄԱԿ ընդունած կայուն զարգացման օրակարգը ավանդ է «արդարացի գլոբալացման» մեջ՝ աշխարհում «երկրների ներսում եւ երկրների միջեւ» աճող անհավասարության պայմաններում։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ՄԻԽ-ին Երկրի վրա կլիմայի փոփոխություններին սեւեռուն ուշադրություն նվիրելու համար։ Այդ խնդիրը գնահատելով որպես «այսօր եւ վաղը աշխարհի ամենամեծ մարտահրավերը»՝ Գուտերիշը հիշեցրել է սեպտեմբերի 23-ին գումարվելիք՝ կլիմայի վերաբերյալ գագաթաժողովի մասին։
ՄԻԽ նստաշրջանի (փետրվարի 25-մարտի 22) մասնակիցները կքննարկեն երեք տասնյակ երկրներում, ներառյալ Ուկրաինան, Վենեսուելան եւ Սիրան, մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրադրությունը։ Ուշադրություն կհատկացվի նաեւ այնպիսի թեմաների, ինչպիսին են երեխաների պաշտպանությունը բռնությունից, մարդու իրավունքների պաշտպանությունը ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում, խոշտանգումների կանխումը։ Ռուսաստանից նստաշրջանում ելույթ կունենա արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը։
ՄԻԽ-ը ՄԱԿ համակարգի միջկառավարական մարմին է։ Այն ստեղծվել է 2006-ին՝ փոխարինելով Մարդու իրավունքների հանձնաժողովին, որին հաճախ քննադատում էին կողմնակալության համար։ Խորհրդի կազմում են 47 պետություններ, որոնցից յուրաքանչյուրն ընտրվում է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ՝ ուղիղ, գաղտնի քվեարկությամբ։ Ռուսաստանն այս տարի չի մտնում ՄԻԽ կազմ, բայց ակտիվորեն մասնակցում է նրա աշխատանքին։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...