Մի քանի խախտումների համար հոդվածները կքրեականացվեն. մանրամասներ
ՀՀ ոստիկանությունը մտադիր է 100 իրավախախտումներից 27-ի համար նախատեսված տուգանքը նվազեցնել: Փոխարենը նրանք մի քանի իրավախախտում էլ պատրաստվում են քրեականացնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը քննարկման է դրել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:
Ըստ այդմ, առաջարկվում է քրեականացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով, ինչպես նաեւ 128-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումները: Դրանք են` 126-րդ հոդվածի 6-րդ մաս. եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, եւ սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը, որը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուր հիսնապատիկի չափով:
Իսկ 126-րդ հոդվածի 7-րդ մասը նախատեսում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով այն դեպքում, եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ: 128-րդ հոդվածի 1-ին մասով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: Նաեւ նախատեսվում է ներդնել տուգանային միավորների համակարգը, որը միտված կլինի տուգանքների չափերի վերանայման: Քանի որ ըստ ոստիկանության` վարչական պատասխանատվության նոր մեխանիզմների կիրառման արդյունքում կթեթեւանա քաղաքացիների սոցիալական բեռը:
Այսպես, ըստ ոստիկանության` մի շարք վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքներն առանձին դեպքերում ավելի մեծ են, քան քրեական օրենսգրքով սահմանված տուգանքի նվազագույն չափը` 30 հազար դրամը: Հաշվի առնելով սա` ոստիկանությունը անհրաժեշտ է համարում վերանայել վարչական իրավախախտումների եւ հանցագործությունների սահմանազատման չափանիշները եւ որպես հիմնական չափանիշ ընդունել այն, որ ֆիզիկական անձի կողմից կատարված վարչական իրավախախտման համար նախատեսվող տուգանքի չափը չպետք է ավելի մեծ լինի, քան քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքի նվազագույն չափը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված` ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառի թվով 100 իրավախախտումներից 27-ի համար նախատեսված տուգանքը կնվազեցվի: Մասնավորապես, 8-ը նախատեսվում է նվազեցնել ավելի քան 50 տոկոսով, 10-ը` 50 տոկոսով, եւս 9-ը` 50 տոկոսից նվազ չափով: Այսինքն` խոսքն այն իրավախախտումների մասին է, որոնց տուգանքը 30 հազար դրամը չի գերազանցում: Բացի այս, ըստ ոստիկանության` տուգանային միավորի ինստիտուտի ներդրումը թույլ կտա երթեւեկության արդյունավետ կազմակերպմանը զուգընթաց նվազեցնել ՃՏՊ-ների ու դրանց արդյունքում արձանագրվող զոհերի ու վիրավորների թիվը:
Նկատենք, որ վիճակագրական առումով այս ոլորտում իրավիճակն առավել քան սարսափելի է: 2006-2011 թվականների ընթացքում ՃՏՊ-ների տարեկան թվաբանական միջինը կազմել է 2002 պատահար: Իսկ 2012-2017 թվականների ընթացքում` տեսանկարահանող սարքերի ներդրումից հետո, նշված թիվը կազմել է 3120 պատահար: Այսինքն` մոտ 55 տոկոսով ավելացել է: Բայց միաժամանակ նշենք, որ 2012-2017 թվականներին Հայաստանում ավտոպարկն ավելացել է 45,1 տոկոսով, ինչն անկասկած կհանգեցնի ՃՏՊ-ների ավելացմանը: Դրանց հետեւանքով վիրավորների միջին տարեկան թիվը 2006-2011 թվականներին կազմել է 2785, իսկ 2012-2017-ին` 4430. աճել է 60 տոկոսով:
Նկատենք, որ Վարչական պատասխանատվության` տուգանային միավորի համակարգը գործում է 21 եվրոպական երկրներում, օրինակ` Իտալիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Մալթայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, ինչպես նաեւ Իսրայելում: Ֆրանսիայում դեռեւս 2000-ական թվականների սկզբին ֆրանսիական ճանապարհները համարվում էին Եվրոպայում առավել վտանգավորը ՃՏՊ-ների եւ զոհերի թվով, ինչը իշխանություններին ստիպեց ՃԵԿ-ի նկատմամբ հսկողության ուժեղացման նպատակով ձեռնարկել առավել ակտիվ գործողություններ:
Ֆրանսիայում տուգանային միավորների համակարգի ներդրումից սկսած` ՃՏՊ-ների հետեւանքով մահացու դեպքերի թիվը նվազել է 66 տոկոսով: Ի դեպ, տուգանային միավորների ինստիտուտը Ուկրաինայում գործում է 2015 թվականից: Ուկրաինայի ՆԳ նախարարության տվյալներով` 2015 թվականին գրանցված 3970 ՃՏՊ-ների թիվը 2016 թվականի 10 ամիսների ընթացքում նվազել է մինչեւ 2603-ը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ