Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերում
Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական ծրագրի շրջանակում հավաստագրերի իրացման ցուցանիշով առաջատարը Կոտայքի մարզն է․ այստեղ բնակարան է ձեռք բերել 1534 ընտանիք։ Կառավարությունը նախատեսում է շարունակել բնակապահովման ծրագիրը, ընդլայնել աջակցության որոշ մեխանիզմներ և ներդնել զբաղվածության ապահովման նոր գործիքներ։
Նոյեմբերի 9-ին հրավիրված ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը, ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության ընտանիքի սոցիալական գնահատման և հրատապ սոցիալական աջակցության քաղաքականության բաժնի պետ Էդգար Բզնունին, ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը, ներկայացվցին բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքն ու նախատեսվող փոփոխությունները։
Ներկայացված տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզին հաջորդում են Արմավիրն ու Արարատը, որտեղ բնակարան է ձեռք բերել համապատասխանաբար 830 և 748 ընտանիք։ Հաջորդ տեղերում Երևանն է, Լոռին և Սյունիքը։ Այսպիսով՝ բնակապահովման ծրագրի հավաստագրերի իրացման առումով առավել մեծ ակտիվություն է արձանագրվել Կոտայքի մարզում։
Բնակարանային ապահովման ծրագիրը տեղահանված ընտանիքների՝ Հայաստանում բնակություն հաստատելու և երկարաժամկետ կայունության հասնելու կարևոր պետական աջակցության մեխանիզմներից է։ Շահառուները կարող են հավաստագիրն օգտագործել բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու, տուն կառուցելու, ինչպես նաև գործող հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար՝ սահմանված պայմաններին համապատասխան։ Ծրագրի դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2027 թվականի դեկտեմբերի 31-ն է։
Բնակապահովման ծրագրում նախատեսվող փոփոխություններից մեկը վերաբերում է այն ընտանիքներին, որոնց անդամները դեռևս չեն ստացել ՀՀ քաղաքացիություն կամ չեն ստացել բնակարանային աջակցության հավաստագիր, սակայն հիփոթեքային վարկով բնակարան են ձեռք բերել և օգտվում են եկամտահարկի վերադարձի հնարավորությունից։ Ասուլիսի ընթացքում նշվել է, որ նրանց համար մինչև տարեվերջ շարունակելու է գործել հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչը։
Մեկ այլ փոփոխություն վերաբերում է շահառու ընտանիքներում ծնված երեխաներին։ Ներկայացված պարզաբանման համաձայն՝ գործող կարգավորմամբ նախատեսված աջակցության ժամկետը, որն ավարտվում էր այս տարի, նոր կարգավորմամբ կերկարաձգվի ևս մեկ տարով։ Նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հաշվով ընտանիքին կտրամադրվի բնակարանային աջակցության հավաստագիր։ Գայանե Ղարագյոզյանի խոսքով կտրամադրվի 3-4 միլիոն դրամին համարժեք աջակցություն, կախված թե ընտանիքը որտեղ ձեռք կբերի բնակարան։
Բնակարանային ապահովումից բացի, տեղահանված անձանց ինտեգրման կարևոր խնդիրներից է զբաղվածությունը։ Ըստ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանի սկզբնական շրջանում կառավարության կողմից ներդրվել էին կարճաժամկետ մասնագիտական ուսուցման և աշխատանքի տեղավորման ծրագրեր, իսկ այժմ նախատեսվում է անցում կատարել աջակցության ավելի միասնական համակարգի։
Նոր ծրագիրը հնարավորություն կտա շահառուներին ստանալ նոր մասնագիտական կրթություն՝ ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։ Ըստ նախարարության հրապարակած կարգավորումների՝ 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է ներդնել մինչև 250 հազար դրամ արժողությամբ էլեկտրոնային կրթական վաուչեր։ Այն հնարավոր կլինի օգտագործել երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրերով դասընթացների մասնակցելու համար։
Ծրագրով նախատեսվում է աջակցել նաև այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն դասընթացներն ավարտած շահառուներին։ Բացի այդ, աշխատանքային հարաբերությունների շարունակականության դեպքում շահառուներին կտրամադրվի միանվագ աջակցություն՝ երեք ամիս աշխատելուց հետո 100 հազար դրամ, իսկ 12 ամիսը լրանալուց հետո՝ ևս 200 հազար դրամ։ Սոցիալական աջակցության ուղղությամբ ևս վերջին շրջանում որոշումներ են ընդունվել։ Մասնավորապես, կառավարության հոկտեմբերի 29-ի որոշմամբ երկարաձգվել են Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության երկու ծրագրերի ժամկետները։
Երկարաձգվել է նաև տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրամադրվող լրացուցիչ հրատապ աջակցության ծրագիրը։ Դրա շրջանակում ընտանիքի առաջին անդամին տրամադրվում է ամսական 40 հազար դրամ, իսկ յուրաքանչյուր հաջորդ անդամի հաշվով՝ ևս 10 հազար դրամ։ Ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնց մեկ անդամի ամսական եկամուտը 55 հազար դրամից ցածր է։ Աջակցությունը կշարունակվի մինչև 2027 թվականի դեկտեմբերը։ Հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ այս ծրագրի շահառու է եղել 8600 ընտանիք։
Top news


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով