Գրիպի շրջանառության ակտիվացում է սպասվում․ պատվաստվել կարելի է անվճար
Աշնան գալուստին զուգահեռ փոխվում է նաև եղանակը․ ջերմաստիճանի տատանումներն ու մարդկանց՝ փակ տարածքներում ավելի շատ ժամանակ անցկացնելը կարող են նպաստել շնչառական վարակների տարածմանը։ Այս շրջանում հատկապես մեծանում է գրիպի սեզոնային ակտիվացման հավանականությունը, և մասնագետները հորդորում են կանխարգելիչ միջոցները չհետաձգել մինչև հիվանդացության աճը։
Այս պահին Հայաստանում գրիպի առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է հանգիստ։ Սակայն մասնագետների դիտարկմամբ, ակտիվության աճ կարող է արձանագրվել արդեն հոկտեմբերի սկզբից, իսկ գրիպի առավել ինտենսիվ շրջանառությունը՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։ Այդ պատճառով առողջապահական համակարգը պատվաստումը կազմակերպում է դեռևս սեզոնի ակտիվացումից առաջ։
Գրիպի դեմ պատվաստանյութերն արդեն հասանելի են հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում։ Իմունականխարգելման ծրագրի շրջանակում պատվաստումն անվճար է, և քաղաքացիները կարող են դիմել իրենց նախընտրած պոլիկլինիկա՝ անկախ նրանից, թե որ բժշկական հաստատությունում են կցագրված։ Պատվաստվել կարող են նաև Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները։ Պատվաստման հասանելիությունն ավելացնելու նպատակով Երևանում նախատեսվում է նաև շարժական կենտրոնների աշխատանք։ Դրանք կգործեն Վերնիսաժի հատվածում, Հանրապետության հրապարակում և Գայի արձանի հարակից տարածքում՝ ժամը 10։00-ից 16։00-ն։
Առողջապահության ոլորտի մասնագետների խոսքով՝ պատվաստման անհրաժեշտությունն առավել ընդգծված է այն խմբերի համար, որոնց մոտ գրիպը կարող է ավելի ծանր ընթացք ունենալ։ Դրանց թվում են 65 տարեկանից բարձր անձինք, հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, սոցիալական խնամքի կենտրոնների շահառուներն ու աշխատակիցները, բուժաշխատողները և զինծառայողները։ Պատվաստումը, մասնագետների գնահատմամբ, ոչ միայն նվազեցնում է վարակվելու հավանականությունը, այլև կարևոր դեր ունի հիվանդության ծանր ընթացքի և դրա հետևանքով առաջացող բարդությունների կանխարգելման գործում։
Պատվաստման հնարավորությունը նախատեսված է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։ Այս դեպքում քաղաքացին կարող է դիմել իր կցագրված բժշկական կենտրոն, որի միջոցով պատվաստումը կարող է կազմակերպվել նրա գտնվելու վայրում։
Մասնագետների խոսքով՝ պատվաստվելու համար սպասել մինչև գրիպի տարածման ակտիվ փուլը անհրաժեշտ չէ։ Հիվանդության սեզոնային շրջանառության աճից առաջ պատվաստվելը հնարավորություն է տալիս նախապես ձևավորել պաշտպանություն։ Միևնույն ժամանակ, գրիպի կանխարգելման համար կարևոր են նաև ձեռքերի կանոնավոր լվացումը, փակ և մարդաշատ տարածքներում վարակի տարածումը սահմանափակող վարքագիծը, հիվանդության ախտանշանների դեպքում շրջապատի հետ շփումները նվազեցնելն ու անհրաժեշտության դեպքում բժշկին դիմելը։
Այսպիսով, աշնանային սեզոնի մեկնարկին մասնագետների հիմնական խորհուրդը կանխարգելումը չհետաձգելն է։ Գրիպի ակտիվ շրջանառությունը դեռևս չի սկսվել, սակայն հենց այս փուլն է համարվում պատվաստման և պաշտպանվելու միջոցները նախապես կիրառելու ժամանակը։
Շողեր Ղլիջյան


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Սիրո անունը Հայաստան է
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
Արևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. Շոյգու
Ակունք բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է