Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի եղբորից և փեսաներից բռնագանձել անշարժ գույքեր, 1 մլրդ դրամը գերազանցող գումար
Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորից և երկու փեսաներից բռնագանձել 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր, 1 միլիարդ դրամը գերազանցող գումար։
«Արմենպրես»-ը Դատախազության պահանջի մասին տեղեկանում է կառույցի տարածած հաղորդագրությունից։ «Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները, որոնք վերաբերում են ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը և երկու փեսաներին:
Մասնավորապես՝
1. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցերից մեկով պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Արգամի Աբրահամյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
13 անշարժ գույք, 12-ը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրում, 1-ը՝ Մասիս համայնքի Մարմարաշեն բնակավայրում
5 տրանսպորտային միջոց
2 իրավաբանական անձում մասնակցություն
շուրջ 270 միլիոն 840 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:
2. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մեկ այլ հայցով պահանջում է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի նախկին տեղակալ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչության նախկին պետ Վահան Զորիկի Մամիկոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
8 անշարժ գույք, որից 3-ը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրում,
1-ը՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ գյուղում,
1-ը՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում,
3-ը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Նշավան գյուղում
46 միլիոն 691 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ
86 միլիոն 413 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
3. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մեկ այլ հայցով պահանջում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում բաժնի պետի, Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալի, ՀՀ ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան պետի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի Արևմտյան մաքսատուն-վարչության պետի պաշտոնները զբաղեցրած Վլադիմիր Ֆելիքսի Թամրազյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
3 տրանսպորտային միջոց
1 իրավաբանական անձում մասնակցություն.
303 միլիոն 918 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և այլն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2023 թվականի մարտի 6-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 59 անշարժ գույք, որոնցից 15-ը գտնվում է Երևանում
- 4 տրանսպորտային միջոց
- 20 իրավաբանական անձանցում մասնակցություն
- շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքը՝ 1 միլիարդ 628 միլիոն 277 հազար դրամի չափով
- 8 ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 միլիոն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի չափով, 687 միլիոն դրամի չափով և 3 միլիոն 117 հազար եվրոյի չափով
- Եվս 21 միլիարդ 202 միլիոն դրամ։
2025 թվականին դատախազն իրավասու դատարան է հանձնել ՀՀ նախկին վարչապետի և բարձրաստիճան այլ պաշտոններ զբաղեցրած Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը:
Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքերն օրինականացնելու, այդ թվում՝
- պաշտոնեական լիազորություններն անցնելով ավազի արդյունահանմամբ զբաղվող առևտրային կազմակերպության բաժնեմասն իրեն փոխկապակցված անձանց փոխանցելու
- ավազի արդյունահանման ոլորտում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու
- իր կողմից հովանավորվող առևտրային գործունեության ընթացքում թույլ տրվող խախտումների կապակցությամբ միջոցներ չձեռնարկելու և ծանր հետևանքներ առաջացնելու
- վերագրվող հանցավոր արարքների կատարման արդյունքում առաջացած ֆինանսական միջոցները շարժական ու անշարժ գույքի փոխակերպելու միջոցով օրինականացնելու մեջ:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը