Գաբրիել Սունդուկյանին նվիրված պատկերագիրքը նոր տեսանկյունից կներկայացնի մեծ դրամատուրգին
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հրատարակչությամբ տպագրված «Գաբրիել Սունդուկյան-200» պատկերագիրքը բազմաթիվ վավերագրերի միջոցով նորովի կբացահայտի Սունդուկյանի կենսագրությունն ու ստեղծագործական ուղին՝ թանգարանում պահվող գրողի բացառիկ հարուստ ֆոնդի հիման վրա։
Սունդուկյանի ծննդյան 200-ամյակին նվիրված գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 18-ին, ընթերցողներին է ներկայացնում հեղինակի գրական և թատերական ժառանգությունը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատկերագրքի կազմող և տեքստի հեղինակ Նաիրա Շահվալադյանը հիշեցրեց, որ Սունդուկյանի մասին քսանից ավելի ուսումնասիրություններ կան, ԳԱԹ-ի ֆոնդերի հիման վրա նաև ակադեմիական հրատարակություն է լույս տեսել, և թվում է, թե ամեն ինչ ասված է, բայց պատկերագիրքը լի է նորություններով։
Նախորդ տարի Սունդուկյանի 200-ամյակն էր, «Պեպո» պիեսի 150-ամյակն ու համանուն ֆիլմի 90-ամյակը, և թանգարանը որոշել է պատկերագրքով անդրադառնալ դրամատուրգի կյանքին ու գործունեությանը։ «Մեր ֆոնդում 10 հազարից ավելի նյութ կա։ Պատկերագրքի համար ընտրվել են այնպիսի փաստաթղթեր, նյութեր, որոնք շրջադարձային են եղել Սունդուկյանի կյանքում։ Քչերին է հայտնի, որ դրամատուրգ լինելուց բացի նա նաև ճարտարապետական նախագծեր է իրականացրել։ 1853-ից 1858 թվականներին նա աքսորված է եղել Դերբենդ, որտեղ չի եղել մշակութային կյանք՝ թատրոններ և այլն, այնինչ Պետերբուրգում սովորելիս Սունդուկյանը հաճախ է այցելել Ալեքսանդրինյան թատրոն, այդ բացը լրացնելու համար Դերբենդում Սունդուկյանը սկսել է եկեղեցիներ, փողոցներ, տներ նախագծել, որոնք կառուցվել են։ Դերբենդի եկեղեցին մինչ օրս կանգուն է և ծառայում է որպես Ժամանակակից արվեստի թանգարան։ Նա այդ շրջանում նաև աշտարակային ժամացույց է նախագծել, որը նույնպես բացառիկ երևույթ է եղել այդ ժամանակվա համար, քանի որ քառորդ ժամերին չորս զանգակ է խփվել և այլն։ Ֆոնդերում պահպանված այդ նախագծերի լուսանկարները ևս տեղ են գտել պատկերագրքում»,-պատմեց Շահվալադյանը։
Պատկերագրքում տեղ են գտել նաև Սունդուկյանի՝ Ալեքսանդր Երկրորդ, Նիկոլայ ցարերից ստացած շնորհակալագրերը, ատեստատները և այլ փաստաթղթեր։ Շատ հարուստ է նրա նամակների ֆոնդը։ Սունդուկյանն այնպիսի նշանավոր մարդկանց հետ է նամակագրություն պահել, ինչպիսիք են Վիկտոր Հյուգոն, Ալեքսանդր Դյումա որդին, Ալեքսանդր Օստրովսկին և այլք։ Ուշադրության են արժանի նաև Սունդուկյանի և մոր նամակները, որոնք 200-ից ավելի են։ Նամակներում նկատվում է մոր և որդու հոգևոր կապը։
Նաիրա Շահվալադյանը պատկերագրքի վրա աշխատել է շուրջ մեկ տարի։ Խոստովանեց՝ լինելով թանգարանի երկարատև աշխատակից՝ բավականին դժվարությամբ է 10 հազար միավորից ընտրել ամենակարևորներն ու զետեղել գրքում։ «Մեծ հաճույք ու բավականություն եմ ստացել այս աշխատանքից։ Սունդուկյանը եվրոպական մակարդակի մտավորական է։ Նրան ուսումնասիրելով հարստանում ես, մեջքդ ավելի ուղիղ և ամուր է դառնում, առավել ես գնահատում քո ակունքներն ու արմատները»,-շեշտեց Շահվալադյանը։
Գրականության և արվեստի թանգարանն իր ֆոնդերը հանրահռչակելու նպատակով կշարունակի պատկերագրքերի հրատարակումը, որոնցից յուրաքանչյուրն առավել մանրամասն կանդրադառնա թե՛ անհատների, թե՛ նմուշների և իրադարձությունների։
Սունդուկյանին նվիրված պատկերագրքի շնորհանդեսին թանգարանում բացվեց նաև գրականագետ, պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ Երվանդ Շահազիզին նվիրված ցուցադրությունը, որում հնարավոր է գտնել Գևորգ Բաշինջաղյանի վրձնին պատկանող Շահազիզի տպավորիչ կտավը, լուսանկարներ, գրքեր և մի շարք հետաքրքիր հրատարակություններ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում