Ո՞վ է Փաշինյանին այդ «կադաստրի վկայականը» տալու. էդ տվողը մեզ անվտանգության երաշխիք է տալո՞ւ. Արմեն Այվազյան
Հայաստանի դեմ տարվում է պատերազմ, որը վարում են Ադրբեջանը եւ նրա թիկունքում կանգնած Թուրքիան, բայց այդ երկրներն ունեն աջակցություն աշխարհի ամենահզոր տերություններից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը:
«Նախ Արեւմուտքն է նրանց թիկունքում, ամեն ինչով աջակցում է նրանց: Երկրորդը, Ռուսաստանի քաղաքականությունը նույնպես անհասկանալի է եւ եթե այսպես շարունակվի, կստացվի, որ Ռուսաստանը եւս համաձայնեցրել է կամ Արեւմուտքի հետ, կամ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի ոչնչացման ծրագիրը: Նրանք բոլորով դա իրականացնում են, կամ դեմ չեն, որ Թուրքիան ու Ադրբեջանը իրականացնեն:
Այս համատեքստում ՀՀ ղեկավարությունը, որը պետք է մտածի Հայաստանի փրկության, Հայաստանի պաշտպանության մասին, հարձակում է գործում հայ ժողովրդի վրա, հայկական ինքնության վրա, Հայաստանի պետության միջազգային օրինականության, լեգիտիմության վրա՝ սպասարկելով այն ուժերին, որոնք ծրագրում են Հայաստանի ոչնչացումը: Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանը չունի «կադաստրի վկայական»: Այդպիսի հայտարարությունը ինքնին հարձակում է Հայաստանի վրա: Ոչ մի պետության ղեկավար իր պետության մասին նման բան չի ասել:
Երկրորդ, ի՞նչ է դա նշանակում: Մենք պետք է փորձենք վերլուծել Փաշինյանի միտքը, որ հասկանանք, թե ինչ է ասում: Հետո կարող է ասել՝ դա նկատի չունեի, նա նկատի ունեի: Նա կարո՞ղ է բացատրել, թե ով է իրեն այդ «կադաստրի վկայականը» տալու:
Հայաստանը ճանաչված է որպես անկախ պետություն, Հայաստանը ՄԱԿ-ի փոքրաթիվ անդամներից է, որովհետեւ ՄԱԿ-ի 200 անդամները չեն ներկայացնում աշխարհի 5 հազարից ավելի էթնոսներին: Եթե այդպիսի հայտարարություն աներ քուրդ մի գործիչ, գուցե հասկանալի լիներ, որովհետեւ Քրդստան անունով անկախ պետություն չի եղել ու չկա: Իսկ Հայաստանը եւ եղել է եւ շատ երկար ժամանակ, եւ հիմա է»,-հայտարարեց Արմեն Այվազյանը:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե կան մի քանի երկրներ, որոնք ուզում են հայերին այստեղից քշել, նրանց պետք է ներկայացնենք այդ «կադաստրի վկայականը», Այվազյանն ասաց. «Կան տասնյակ ՄԱԿ-ի անդամ երկրներ, որոնք ունեն տարածքային վեճեր այլ երկրների հետ: Օրինակ Արգենտինան Մեծ Բրիտանիայի հետ ունի տարածքային վեճ, Նեպալը ունի տարածքային վեճ Հնդկաստանի հետ, Հնդկաստանը՝ Պակիստանի հետ, Սիրան՝ Իսրայելի հետ, Ճապոնիան Ռուսաստանի հետ: Այդ ե՞րբ է Ճապոնիայի վարչապետը կանգնել ասել՝ մենք չունենք «կադաստրի վկայական»: Սա նպատակասլաց հարձակում է մեր պետության ու ժողովրդի դեմ:
Փաշինյանը չի բավարարվում Հայաստանի դեմ հարձակումներով եւ տարածքում է Հայաստանի ամբողջ պատմության դեմ եւ հայկական ինքնության դեմ: Երբ նա ասում է՝ Հայաստանն իր բազմահազարամյա պատմության մեջ երբեք «կադաստրի վկայական» չի ունեցել, այստեղ դարձյալ հարձակում է կատարվում հայկական ինքնության դեմ: Փաշինյանն ասում է՝ մենք այստեղ տնվոր ենք: Սա թուրքական պատմագրության թեզն է»,- ընդգծեց Արմեն Այվազյանը:
«Ո՞վ է մեզ «կադաստրի վկայական» տվողը, էդ տվողը մեզ անվտանգության երաշխիք է տալո՞ւ: Նա դա է ուզում ասի, որ մեզ խոստացել են անվտանգության երաշխիք, եթե «կադաստրի թուղթ» ստանանք, այսինքն պայմանագիր կնքենք Ադրբեջանի հետ՝ հանձնելով ու հայաթափելով Արցախը, հանձնելով անկլավները: Ո՞վ է ասել, որ այդ նոր պայմանագիրը հարգվելու է, եթե նոյեմբերի 9-ը չի հարգվում»,-ասաց նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը