Թրամփի դեմ մահափորձը դիտարկվում է որպես պոտենցիալ ներքին ահաբեկչական գործողություն. Հետաքննությունների դաշնային բյուրո
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունը դիտարկում է որպես պոտենցիալ ներքին ահաբեկչական գործողություն։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
«Հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունը, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ուներկաներներից մի քանիսը վիրավորվել, ՀԴԲ-ն հետաքննում է որպես սպանության փորձ և պոտենցիալ ներքին ահաբեկչական գործողություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում ընդգծել են, որ մինչ հաձգությունը կասկածյալի հետ չեն առընչվել։ Նշվում է նաև, որ ՀԴԲ-ն շարունակում է հետաքննել՝ արդյոք տղամարդը հանցակիցներ ունեցել է, թե ոչ՝ չնայած՝ այս պահի դրությամբ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նա միայնակ է գործել։ Բացի այդ, գերատեսչությունում նշել են, որ առայժմ չեն պարզել հարձակվողի դրդապատճառները, սակայն աշխատում են դեպքերի հաջորդականությունն ու հարձակումից առաջ տղամարդու տեղաշարժերը պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:
Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը:
«Ուրախ եմ լսել, որ նա ապահով է և իրեն լավ է զգում: Ես աղոթում եմ նրա և նրա ընտանիքի համար։ Ջիլը և ես երախտապարտ ենք Գաղտնի ծառայությանը նրան փրկելու համար: Ամերիկայում նման բռնության համար տեղ չկա։ Մեր ազգը պետք է միավորվի սա դատապարտելու համար»,- իր ուղերձում ասել է Բայդենը։