Սկանդալ «Եվրատեսիլ 2019»-ում․ բելառուսական ժյուրին որակազրկվել է
Եվրոպական հեռարձակումների միությունը որոշում է կայացրել «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի օրենքները խախտելու համար որակազրկել բելոռուսական ժյուրիին, փոխանցում է Sputnik Բելառուսը։
Ինչպես հայտնի է, «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթը տեղի է ունենալու այսօր՝ մայիսի 18-ին, Թել Ավիվում։ Հայտնի շոուի հաղթողին ընտրում են հեռուստադիտողների եւ պրոֆեսիոնալ ժյուրիի անդամների քվեարկությամբ։ Սակայն, շաբաթ օրը հայտնի է դարձել, որ Բելառուսը ձայներ կարող է ստանալ միայն հեռուստադիտողներից, քանզի պետության կողմից ներկայացված պրոֆեսիոնալ ժյուրիի ողջ կազմը որակազրկվել է։ Պարզվել է, որ նրանք մամուլի ներկայացուցիչներին պատմել են իրենց նախընտրելի մասնակիցների, ինչպես նաեւ առաջին կիսաեզրափակչի քվեարկության մասին, ինչն արգելված է։
Ժյուրիի անդամների քվեարկությունը տեղի է ունենում ոչ ուղիղ եթերում, այլ մեկ օր առաջ՝ «ժյուրիի շոուի» ժամանակ։ Ամեն երկրի ազգային ժյուրին գնահատում է բոլոր մասնակիցներին եւ արդյունքներն ուղարկում է EBU, որն էլ եթերի օրը հաշվարկում է ընդհանուր արդյունքները։ Ժամանակից շուտ արդյունքները հրապարակելը ժյուրիի անդամներին արգելված է։ Դա կարող են անել միայն մրցույթից հետո։
Այնպես, որ բելոռուսական ժյուրիի անդամների «կարծիքը» հաշվի չի առնվելու։ Այսինքն, այն երկիրը, որին Բելառուսը տվել է 12 միավոր չի ստանա դրանք։ Ամենայն հավանականությամբ դա Ռուսաստանն է, քանի որ բելառուսները միշտ ամենաբարձր միավորները տալիս են հենց իրենց, գրում է Super-ը։