Չորս գիրք, որոնք փոխել են Բիլ Գեյթսի պատկերացումը աշխարհի մասին
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ցուցակում
են ներառվել այնպիսի գործեր, ինչպիսիք են «Էներգիա և քաղաքակրթություն.
պատմություն», «Լուսավորությունն այսօր», «Փաստացիություն. 10 պատճառ, թե
ինչու ենք մենք սխալվում աշխարհի հարցում, և ինչու է ամեն ինչ ավելի լավ,
քան թվում է» և «Sapiens. Մարդկության հակիրճ պատմություն»:
Միլիարդատեր և բարեգործ Բիլ Գեյթսը իր բլոգում մեկ անգամ չէ, որ պատմել է
հարյուրավոր հետաքրքիր գրքերի մասին, բայց հատկապես վերջին չորսն են
ստիպել նրան փոխելու իր մտածողությունը: Այս մասին հաղորդում է CNBC-ը:
Առաջին տեղում է պրոֆեսոր Վացլավ Սմիլի «Էներգիա և քաղաքակրթություն.
պատմություն» գիրքը: Դրանում դիտարկվում է տնտեսության աճի կապը էներգիայի
պահանջարկի հետ: Նշվում է, որ Գեյթսը կարդացել է Սմիլի բոլոր 36
ստեղծագործությունները, որոնք հրապարակվել են 2017-ին:
Երկրորդը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Փինքերի
«Լուսավորությունն այսօր» գիրքն է: Այստեղ խոսվում է մարդկության
առաջընթացի մասին և ուշադրություն է դարձվում առողջության ցուցանիշներին,
բարգավաճմանը, անվտանգությանը, գիտելիքներին և երջանկությանը: Գեյթսը նշել
է, որ այդ գործը ոչ միայն իր ամենասիրելին է, այլև լավագույնը այլ
պրոֆեսորների գրածների մեջ:
Երրորդ տեղում վիճակագրության և
առողջապահության հարցերով շվեդ մասնագետ Հանս Ռոսլինգի «Փաստացիություն. 10
պատճառ, թե ինչու ենք մենք սխալվում աշխարհի հարցում, և ինչու է ամեն ինչ
ավելի լավ, քան թվում է» գիրքն է: Դրանում հեղինակը քննարկում է ստեղծված
աշխարհայացքների կարծրատիպերը և դրանց նախադրյալները: Միլիարդատերը
հատկապես իրենց կյանքի նոր փուլը թևակոխող շրջանավարտներին է խորհուրդ
տալիս ծանոթանալ այս գործի հետ:
Չորրորդ գիրքը իսրայելցի պատմաբան Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens.
Մարդկության հակիրճ պատմություն» գիրքն է: Գեյթսի խոսքով՝ կարդալով այդ
գիրքը՝ նա մտածել է մարդու, երջանկության և այն մասին, թե ինչն է մեզ
դարձնում առանձնահատուկ: