Խաչատրյանների ամերիկյան տան վաճառքից ՀՀ-ն մինչև հիմա գումար չի ստացել. «Հետք»
Գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատան վաճառքից հետո գոյացած միջոցների մի մասը Հայաստանին հանձնելու մասով նորություն չկա, գրում է «Հետքը»։ Հիշեցնենք, որ Խաչատրյանների՝ Լոս Անջելեսում գտնվող շքեղ առանձնատունը 2025-ի հունվարի 7-ին վաճառվել է 36 մլն դոլարով: Մինչ այդ՝ 2024-ի հուլիսին, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ նույն տարվա հունիսին Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները ԱՄՆ շրջանային դատարան են ներկայացրել գույքի բռնագրավման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու խնդրանք, եւ շատ չանցած դատարանի որոշմամբ համաձայնությունը հաստատվել է:
«Դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի եւ ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի,- հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազությունը,- առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը ՀՀ-ին վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության եւ ԱՄՆ իրավասու մարմնի միջեւ բանակցություններ են ընթանում»:
Սրան հաջորդել էր ԱՄՆ-ում Խաչատրյան եղբայրների շահերը պաշտպանող Vinson & Elkins ընկերության հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը 2024 թ. հունիսին դադարեցրել է հետաքննությունը Խաչատրյանների նկատմամբ: «Հետաքննության դադարեցման եւ բռնագանձման գործի կասեցման որոշման հենքով Արդարադատության դեպարտամենտը եւ Խաչատրյանները համաձայնություն են ձեռք բերել հանգուցալուծելու նաեւ բռնագանձման մասով չկատարված պարտավորությունների հարցը։ Որոշվել է, որ Հոլմբի Հիլզի անշարժ գույքը կվաճառվի, եւ ստացված հասույթը կբաշխվի կողմերի միջեւ: Ընդ որում՝ Հոլմբի Հիլզի գույքի վաճառքից ստացված մի մասը կտրամադրվի Խաչատրյաններին, իսկ մյուս մասը՝ Խաչատրյանների դիմումով կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը՝ ի շահ հայ ժողովրդի»,- հայտնել էին Խաչատրյանների փաստաբանները:
2025-ի մայիսի 8-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Խաչատրյանների տան վաճառքից գոյացած միջոցների մի մասը ստանալու մասին հայտնել էր հետեւյալը. «Առանձնատունն օտարվեց այս տարվա սկզբին, եւ ամերիկյան գործընկերների հետ մենք բավական բարդ եւ պրոֆեսիոնալ ճանապարհ անցանք. մի շարք փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ էին նրանց, որպեսզի անշարժ գույքը հնարավոր լինի արգելադրել ԱՄՆ-ում, ՀՀ դատախազությունը տրամադրեց, եւ այդ փաստաթղթերի հիման վրա գույքն արգելադրվեց, իսկ հետագայում Խաչատրյան ընտանիքը որոշեց ԱՄՆ իրավասու մարմնին հաշտություն առաջարկել, ըստ որի՝ գույքի վաճառքից 85 տոկոսը տալիս են ԱՄՆ կառավարությանը, իսկ 15 տոկոսը մնում է իրենց: Դրանից հետո սկսեցինք խոսել մեր գործընկերների հետ, քանի որ օտարերկրյա տարածքում գտնվող գույքի արժեքի որոշ տոկոս (նման չգրված կանոն կա) մենք պետք է զիջենք տվյալ երկրին: Ամերիկացի գործընկերների հետ այս պահին բանավոր պայմանավորվածություն ունենք, որ, իրենց պնդմամբ, պատկերացնում են, որ գումարի մոտ 80 տոկոսը պետք է փոխանցեն ՀՀ-ին: Մեզնից ակնկալվող բոլոր գործողությունները կատարել ենք, սպասում ենք ամերիկյան կողմի գործողություններին»:
Վարդապետյանի ասածից հետեւում է, որ հայկական կողմն ակնկալում է ստանալ ընդհանուր գումարի 68 տոկոսը: «Հետքը» գլխավոր դատախազից հետաքրքրվել էր, թե ինչ գործնական քայլեր են արվել այս ուղղությամբ, իսկ եթե գործնական առաջընթաց չկա, ապա որն է պատճառը:
Դատախազությունից հայտնել են, որ նոր տեղեկություն ունենալու պարագայում կառույցը հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն