Սերենա Ուիլյամսի եւ Ալեքսիս Օհանյանի հարսանիքը տեղի կունենա նոյեմբերի 16-ին
Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի եւ ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի հարսանիքը տեղի կունենա նոյեմբերի 16-ին ամերիկյան Նոր Օրլեանում, գրում է Mirror-ը:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթողը 11 ամիս առաջ Ալեքսիս Օհանյանից ունեցել էր դուստր, որին անվանակոչել էին Ալեքսիս Օլիմպիա Օհանյան:
Հարսանիքը փակ կլինի եւ հրավիրվածներն արարողության վայրը կիմանան նույն օրվա առավոտյան: Հրավիրվածների թվում են Jay Z-ն, Բեյոնսեն, Քրիս Ջեները եւ այլ աստղեր: Որոշ տվյալների համաձայն՝ հարսանիքի ծախսը կկազմի 1 միլիոն դոլարից ավելի: Հյուրերի թվում կարող են լինել նաեւ արքայազն Հարին ու նրա ընկերուհի Մեգան Մերկլը:
Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսը նախորդ անգամ մրցաշարում հանդես է եկել հունվարին՝ նվաճելով Australian Open-ի հաղթողի կոչումը:
1983թ. ապրիլի 24-ին ծնված Ալեքսիս Օհանյանը «Առանց նրանց թույլտվության» բեստսելերի հեղինակն է: 2008 թվականին Օհանյանի հիմանդրած breadpig.myshopify.com-ի հասույթի մեծ մասը հատկացվում է բարեգործության:
2010 թվականին Օհանյանն առաջին անգամ այցելել է Հայաստան եւ կազմակերպել TEDx Yerevan առաջին սեմինարը: Օհանյանի հայրը ծնվել է ԱՄՆ-ում, հայրական պապը Արեւմտյան Հայաստանի Խարբերդից է, տատը՝ Բիթլիսից: Ալեքսիսի մայրը գերմանացի է:
35-ամյա Սերենա Ուիլյամսը միակն է թենիսի պատմության մեջ, որը նվաճել է կարիերայի «Ոսկե սաղավարտ»՝ դառնալով «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերի հաղթող եւ Օլիմպիական խաղերի չեմպիոն մենախաղում եւ զուգախաղում: Սերենա Ուիլյամսը կարիերայի ընթացքում միայն մրցանակային պարգեւավճարներից ստացել է 81.7 միլիոն դոլար: