Արցախցիները հանդիպել են ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ և ներկայացրել իրենց պահանջները
Հուլիսի 9-ին ՄԱԿ-ի գրասենյակի առջև անցկացված ակցիայի 4 մասնակիցներից բաղկացած խումբը, որը պահանջում էր ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պատմամշակութային, հոգևոր հուշարձանները և մասնավոր սեփականությունը պահպանելու համար, հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի գրասենյակում և տևել է մեկ ու կես ժամ Chatham House ձևաչափով, ուստի ներկայացնում ենք միայն որոշ ընդհանրացումներ:
Ակցիայի մասնակիցները բարձրացրել են հետևյալ հարցերը.
Արցախի հարցը քաղաքական և իրավական մակարդակից իջեցվել է հումանիտար մակարդակի: Արցախցիների իրավունքները պաշտպանված չեն: Հայաստանի կառավարությունը չի ներկայացնում և չի պաշտպանում արցախցիների շահերը: Արցախցիներին, որոնք ժամանակավոր կորցրել են հայրենիքը, իրենց տները, ունեցվածքը, գերեզմանոցները և ժառանգությունը Արցախում, հայտնվելով հայրենիքից դուրս, զրկում են նաև իրենց իրավունքներից՝ ինքնորոշման, պատմական տարածքում ապրելու, գույքային իրավունքներից:
Այս պայմաններում ՄԱԿ-ը համարո՞ւմ է արդյոք Արցախի հարցը փակված: Եթե այո, ապա ՄԱԿ-ը համարո՞ւմ է արդյոք ռազմական ագրեսիան, ցեղասպանությունը, շրջափակումը, էթնիկ զտումները հակամարտությունը լուծելու ընդունելի մեթոդ: Եթե ոչ, ապա արդյո՞ք կազմակերպությունն ունի խնդրի լուծման տեսլական:
Ինչպե՞ս կարող է ՄԱԿ-ը Ադրբեջանին ստիպել կատարելու Հաագայի դատարանի որոշումները: Առաջինը՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը հրատապ միջոցների կիրառման մասին՝ հիմնված Հայաստանի կողմից ներկայացված հայցի վրա «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակներում, որը քննվում է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում: Այն պարտավորեցնում է Ադրբեջանին, ի թիվս այլ հարցերի, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, ներառյալ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանոցների և արտեֆակտերի դեմ ուղղված վանդալիզմի և պղծման գործողությունները: Երկրորդը՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը: Այս որոշմամբ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից մեկնած անձանց անարգել և անվտանգ մուտքը կամ ելքը: Միջազգային դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին պահպանել և չոչնչացնել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները և սեփականությունը հաստատող փաստաթղթերը: Մենք պահանջում ենք ՄԱԿ-ից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահպանելու մեր մասնավոր սեփականությունը և հոգևոր-մշակութային ժառանգությունը մինչև մեր վերադարձը:
Մանրամասն՝ նկարների եւ այլ նյութերի միջոցով ներկայացվել են հայկական պատմամշակութային, հոգևոր ժառանգության, ինչպես նաև մասնավոր սեփականության և ամբողջական բնակավայրերի ոչնչացման օրինակներ՝ ինչը «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրի և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածի խախտում է:
Ներկայացվել են արցախցիների վերադարձի իրավունքը՝ այնպիսի պայմաններով, որոնք համարում են ողջամիտ և միջազգային իրավունքի շրջանակներում: Այդ պայմանները շարադրված են միջազգային կառույցներին ուղղված նամակ-դիմումի մեջ, որը ստորագրել են Արցախի 215 հասարակական կազմակերպություններ և քաղաքական ուժեր:
Բարձրացվել է Բաքվում գտնվող հայ գերիների դեռևս չլուծված հարցը:
Հայտարարվել է ՄԱԿ-ի կլիմայի կոնֆերանսը (COP19) Բաքվում անցկացնելու որոշման սխալ բնույթի մասին և ասվել, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Բաքու կարող է արդարացված լինել, եթե նրանք օգտվեն առիթից, այցելեն Արցախ և պատասխանեն հարցին՝ «ինչո՞ւ Արցախում հայեր չկան»:
Բոլոր քննարկված հիմնախնդիրները գրանցվել են Ֆրանսուազ Ժակոբի կողմից, ով իր հերթին խոստացել է ներկայացնել կազմակերպության համապատասխան մարմիններին:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»