Ծեծի էին ենթարկել, նվաստացրել ու կտրել մազերը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում ռուս բլոգերի մասնակցությամբ միջադեպից
Հայաստանն իրավական պետություն է, և ցանկացած հակաօրինական արարք միանշանակ պետք է ստանա գնահատական՝ համապատասխան հետևանքներով, սակայն՝ բացառապես իրավական դաշտում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն՝ անդրադառնալով օրեր առաջ Երևանում տեղի ունեցած միջադեպին:
«Դեկտեմբերի 9-ին միջադեպ էր տեղի ունեցել մի օտարերկրացու և չորս անհայտ անձանց միջև, որոնք, իրենց գնահատմամբ՝ հակահասարակական արարքի համար, ծեծի էին ենթարկել կնոջը, նվաստացրել ու կտրել մազերը:
ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ստորաբաժանումների աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում վերոհիշյալ անձանցից երեքը հայտնաբերվել ու ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ չորրորդ անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշեց մամուլի քարտուղարն ՝ ընդգծելով, որ ձեռնարկված ցանկացած ինքնիրավչություն, վենդետա, ինքնադատաստան նույնպիսի հակաիրավական արարք է և արժանի համանման իրավական գնահատականի ու հետևանքների:
«Քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում ձեռնպահ մնալ ինքնագործունեության դրսևորումներից և միջադեպերը կանխելու ու բացառելու համար դիմել ու աջակցել իրավապահ մարմիններին»,- շեշտեց Նարեկ Սարգսյանը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2023 թ․ դեկտեմբերի 9-ին ժամը 00:23-ին քաղաքացու կողմից կատարված ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ՌԴ քաղաքացներ Կ.Ա․-ն և Յ․Մ․-ն դեկտեմբերի 8-ին ժամը 22:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել։
Մասնավորապես, նրանք վնասել են Երևան քաղաքի Թումանյան 29-րդ հասցեում գտնվող արագ սննդի կետի գույքը, մրգերը նետել աշխատակցի վրա, Մաշտոց 24-րդ հասցեում գործող ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին են նետել և տրորել՝ այդ գործողությունները զուգորդելով հայհոյախառն արտահայտություններով:
Նույն օրը ժամը 07։00-ին և ժամը 09։19-ին, ոստիկանության ծառայողների կողմից վերջիններս հայտնաբերվել են և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Որոշում է կայացվել, վերոնշյալ արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված անձանց ձերբակալելու մասին։
Միաժամանակ, ձերբակալված Յ․Վ․-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2023 թ․դեկտեմբերի 9-ին ժամը 00:00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ իր բնակության հասցե են այցելել դիմակավորված անձինք, ովքեր տևական ժամանակ նվաստացրել են իր անձը, կտրել են մազերը և ներկ լցրել գլխին:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը