BBC-ի թղթակիցը՝ Հայաստանում իր արկածների եւ հայերի հյուրասիրության մասին
BBC -ի թղթակից Բեն Լերվիլը վերջերս Հայաստան էր այցելել, իսկ հետո պատմել է մեր երկրում իր արկածների մասին։ Ներկայացնում ենք որոշ հատվածներ ճամփորդության մասին նրա նկարագրությունից։
Բենը Վրաստանից էր Երեւան ժամանել։

«Սահմանը հատելիս ես նստեցի ինչ-որ հին ավտոբուս, որն այստեղ կոչում են «մարշրուտկա», վարորդը ղեկին փոքրիկ կենդանի թռչուն կար, որը հինգ րոպե մնաց նրա հետ, իսկ հետո թռավ, գնաց։ Ես այդպես էլ չիմացա, թե դա ինչ ծիսակարգ կամ ավանդույթ է։ Ես հասա Դիլիջան։ Ուսումնասիրելով տեղի բնությունը՝ ես հակացա, որ Հայաստանում իմ ճամփորդությունը հետաքրքիր է լինելու։ Ես պետք է Դիլիջանից Երեւան հասնեի երթուղայինով, բայց ամբողջ օրն անցկացրեցի տեղանքն ու եկեղեցիները ուսումնասիրելով, ու արդեն ուշ երեկոյան Դիլիջանում ինձ շարժումներով բացատրեցին, որ այդ օրվա երթուղիները վերջացել են։ Այնպես որ, ստիպված էի քաղաքում մնալ»,- գրում է Բենը՝ հավելելով, որ հետագայում ինքն իմացել է, որ խորհրդային ժամանակներում Դիլիջանն անվանում էին «Խորհրդային Շվեյցարիա»։

Հետո Բենը պատմում է, որ իր հին տեղեկատուով գտել է մի տուն, որտեղ կարելի էր գիշերն անցկացնել։ Այն գտնվում էր բլրի վրա, սակայն մտնելով դարպասներից ներս, նա ոչ մեկին չէր տեսել ու սկսել էր բարձրաձայն բղավել «Բարեւ ձեզ»։

«Հանկարծ ինձ մոտեցավ մի տարեց կին, որը ժպտալով ուղեկցեց տուն, ցույց տվեց այն սենյակը, որտեղ ես կարող էի գիշերել։ Ես հույս չունեի, որ ուշ երեկոյան ընթրելու հնարավորություն կունենամ, ու մտքովս չէր անցնում, որ ինձ կդիմավորեն բաց սեղանով՝ վրան հսկայական քանակության ուտելիք ու խմիչք։ Պարզվեց, որ այդ օրը կնոջ ավագ դստեր 18-ամյակն էր, ու ես հայտնվեցի հյուրասենյակում, որտեղ տասնյակ մարդիկ էին հավաքված, եւ բնականաբար, ինձ չհաջողվեց այնտեղից դուրս գալ «ողջ ու սթափ»։ Ուտելիքը չէր վերջանում, հակառակը՝ ավելանում էր հսկայական նոր չափաբաժիններով, ու ես կուշտ կերա հայկական լավաշ, սմբուկ, ձիթապտուղ, աղցաններ, մսային կերակրատեսակներ, պանրի տեսակներ, սնկով հավ։ Այդ ամենի հետ խմում էինք տնական օղի, որն անընդհատ լցնում էր աղջկա հորեղբայրը։ Վերջում ես աղոտ հիշում էի, որ մենք խմել ենք Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, ապագայի, ընտանիքի կենացը, հարգել հանգուցյալների հիշատակը։ Ինձ գրկում էին ու անընդհատ հյուրասիրում։

Առավոտյան մի կերպ արթնանալուց հետո ես նաեւ հսկայական նախաճաշ ստացա։ Ամենատարօրինակն այն էր, որ երբ ուզում էի վճարել գիշերակացի համար, ինձնից փող չվերցրեցին ու ասացին, որ կվիրավորվեն, եթե ես պնդեմ։ Ինձ ամբողջ ընտանիքով ճանապարհեցին դեպի կանգառ։ Հայկական հյուրասիրությունը հնարավոր չէ մոռանալ»,- ամփոփում է Բենը՝ հավելելով տեղեկություններ Հայաստանի մասին, հիշատակելով Հայոց ցեղասպանության, ԱՄՆ որոշ նահանգների ու 29 երկրների կողմից դրա ճանաչման, նաեւ թուրքական կառավարության կողմից դրա ժխտման մասին։


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ