Կարող ենք ունենալ Քաջարան 2. բնապահպաններն ահազանգում են ԶՊՄԿ նոր սեփականատերերի՝ պարտավորությունները չկատարելու մասին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր սեփանակատերերը որևէ քայլ չեն անում բնապահպանական խնդիրները նվազեցնելու ուղղությամբ, ինչի պատճառով խնդիրներն այս ընթացքում ավելի են մեծացել, որի հետևանքը կարող է լինել բնապահպանական աղետը, ինչն իր հերթին կբերի մոտակա բնակավայրերի դատարկվելուն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը։
Նրա նաև տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ բազմաթիվ բնապահպաններ ու փորձագետներ, որոնք նախկինում մշտապես խոսել ու բարձրաձայնել են էկոլոգիական խնդիրների մասին, վերջին շրջանում լռում են՝ ասես խնդիրները վերացել են։
Սիլվա Ադամյանի խոսքով՝ 3 հասարակական կազմակերպություններ՝ «Թուխմանուկ» ընկերությունը, «Ֆերմերների Շարժում» ՀԿ-ն ու «Էկոլոգիական հասարակական միություն» կազմակերպությունները սեպտեմբերին նամակներ են հղել ԶՊՄԿ-ին՝ կապված Ողջի գետի, Արծվանիկի պոչամբարի և գյուղատնտեսական հողերի աղտոտման, դրանցում ծանր մետաղների կտրուկ աճի հետ։ Նամակների պատասխանները մինչև օրս չեն ստացել։
«Ինչպես գիտենք, «Գեոպրոմայնինգ գոլդ» կազմակերպությունը գնեց Քաջարանի կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսն ու, իրենց խոսքով, անցան լուրջ աշխատանքների, բայց մենք այդ աշխատանքները չենք տեսնում։ «Գեոպրոմայնինգ Գոլդ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն հայտարարեց, թե 4 մլն դոլարի ներդրումներ պետք է արվեն՝ կոմբինատի խնդիրները լուծելու համար, սակայն որևէ խնդրի լուծում չենք տեսնում։ Արծվանիկի պոչամբարը բավականին լուրջ վիճակում է և ըստ փորձագետների՝ ունի 5 տարվա կյանք, մինչդեռ Տրոցենկոն հայտարարել է, որ կոմբինատի ծավալները պետք է մեծանան։ Եթե ծավալները մեծանում են, ուրեմն պոչամբարի պարունակությունն էլ շատանում է։ Հիմա ռեկուլտիվացիայի աշխատանքներ պետք է արվեն Արծվանիկի պոչամբարում, որոնք փաստացի չեն արվում և միջոցներ չեն ձեռնարկվում իրավիճակը բարելավելու համար, ինչի հետևանքով մենք կանգնելու ենք լուրջ խնդիրների առջև»,- ասել է Սիլվա Ադամյանը։
Բնապահպանի խոսքով՝ հողում բավականին շատ ծանր մետաղներ են հայտնաբերվել։ Աղտոտված է նաև Ողջի գետի ջուրը։
«Ողջի գետի մոնիթորինգի ժամանակ մեր փորձագիտական խումբը նշել է, որ գետի ջրի անալիզը էապես տարբեր է Քաջարան քաղաքին մոտ հատվածում։ Քաջարանից հետո ջուրը լավ աղտոտված է ծանր մետաղներով»,- ասել է Սիլվա Ադամյանը։
Բնապահպանները պահանջում են, որ կոմբինատի 60 տոկոսի բաժնետերը կատարի իր ստանձնած պարտավորությունները, նաև պատասխանի իրենց նամակներում բարձրացված մտահոգություններին։
«Եթե արտադրության ծավալները շատանան, ապա կարող ենք ունենալ Քաջարան 2, մոտակա գյուղերը այնպես են վտանգվելու, որ ոչ մի առանձնահատուկ բնապահպանական միջոցառում կարող է չօգնել և կարող ենք ունենալ հայաթափման լուրջ խնդիր այս շրջանում։ Սա շատ լուրջ խնդիր է»,- նշել է Ադամյանը։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան