Փաշինյանի հայտարարության ծանր հետեւանքները
Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանը փորձեց «սենսացիոն» բացահայտում անել՝ հայտարարելով, թե Երրորդ հանրապետության պատմության մեջ ամենախոշոր կաշառքի դեպքն է արձանագրվել՝ այն էլ պատգամավորի կողմից։
«100 տոկոսով բացահայտված գործ է»․ վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարի այս «սենսացիան» կարող էինք ստացված համարել, եթե այդ հայտարարությանը չհետևեր խորը հիասթափությունը։ Պարզվեց՝ գործը դեռ ո՛չ քննված է, ո՛չ էլ առավել ևս դատարանի որոշում կա։
Ընդամենը, ինչ-որ թղթի կրկնօրինակի հիման վրա արված հայտարարություն․ «…և արդեն երկու ամիս մեր ձեռքի տակ եղած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում․․․․»․․․․
Այստեղ բազմակետեր կարելի է դնել ու ավարտել։
Փաստորեն, Հայաստանի երրորդ հանրապետության դատական համակարգը ջրից հանեցիք ու, մեզնից անկախ, գցեցինք կրակի մեջ։ Ու հիմա այդ համակարգն այնքանով գոյություն չունի, որ վարչապետն անձամբ է քննություն անցկացնում, ապա կայացնում համապատասխան վճիռ, իսկ վերջում էլ կնքում՝ «100 տոկոսով բացահայտված գործ է»։
Սա ի՞նչ աբսուրդ է։ Սա՞ է երրորդ իշխանություն համարվող մեր «անկախ» դատական համակարգը։ Այդ երբվանի՞ց է Վարչապետը վճիռ կայացնող մարմին, որտե՞ղ են պարտակել անմեղության կանխավարկածի սկզբունքը, լավ ի վերջո ո՞ւր են մեր սիրասուն իրավապաշտպանները, որ դեռ երեկ այդքա՜ն կարևորում էին մարդու իրավունքը։ Սաքունց, Բարսեղյան ո՞ւր եք:
Մի՞թե չկա գոնե մեկ թասիբով իրավապաշտպան, որ վարչապետի սիրելի ձևաչափով, այսինքն՝ «դուխով», հարցնի՝ «․․․․պրն․ Փաշինյան, այս ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք դատական համակարգից առաջ ընկնում, նրա փոխարեն վճիռներ կայացնում ու Ձե՛ր սուբյեկտիվ վճիռներն այդ նույն դատարանի «վզին փաթաթում»։
Նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ է և տեղի է ունեցել կաշառքի այդ դեպքը, որի վերջնական բացահայտումը ընդամենը օրերի հարց է, մի՞թե կարելի է այդքան ստորադասել դատական համակարգն՝ իր ողջ ինստիտուտներով, որպեսզի դեռ քննությունն ու վճիռը չեղած, նման հայտարարությամբ հանդես գալ։
Ի՞նչ արդարության, անկախության մասին կարող է այլևս խոսք գնալ այս հայտարարությունից հետո։ Ընտրովի արդարադատությունը հանդուրժել ենք գրեթե 30 տարի, ինչն էլ, ի գիտություն վարչապետի պաշտոնակատարի, հեղափոխության գլխավոր պատճառներից դարձավ։ Եթե Ձեր և Ձեր թիմի ամեն մի նոր քայլ տանելու է դեպի փտած հին համակարգ, ապա «bella ciao» մեր սիրելի վարչապետ:
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am