Ամեն ինչ որոշում են կադրերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունն ի սկզբանե տարակարծությունների և բուռն քննարկումների տեղիք տվեց թե՛ քաղաքագետների և թե՛ լայն հանրության շրջանում։ Այսօր արդեն՝ հեղափոխությունից հինգ ամիս անց, մենք ականատես ենք լինում այդ թիմի սայթաքումներին և չկատարված խոստումներին։
Նոր կառավարության սխալների բացումը կատարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ով, դեռ մի քանի օր էր նախարարի կարգավիճակում, երբ առանց խորը ուսումնասիրությունների և առանց մի լավ ծանրութեթև անելու՝ մեծ աղմուկ բարձրացրեց «Այբ»-ի շուրջ և կասեցրեց «Արարատյան բակալավրիատի» ծրագիրը, որի վրա նախորդ կառավարությունը հսկայական ռեսուրս և գումարներ էր ծախսել։
Զավեշտալին այն էր ՝ ինչ պատահեց հետո՝ շաբաթներ անց։ Պարզվեց «Այբը» ոչ միայն թաթախված չի եղել ինչ-որ կոռուպցիոն գործարքներում, այլև խնայողաբար է վարվել պետական գումարների հետ՝ ավելացված մի կլորիկ գումար էլ վերադարձնելով պետբյուջե։
Նույն ճանապարհով գնաց նաև Սփյուռքի նախարարը, ում ղեկավարած կառույցը սկզբում հայտարարեց «Արի տուն» ծրագրի փակման մասին, ապա մեծաթիվ բողոքներից ու բարձրացված աղմուկից հետո, հայտարարվեց, որ այս տարի ևս կանցկացվի ծրագիրը, որն այսուհետ կոչվում է «Քայլ դեպի տուն»։ Նման մերժողական քաղաքականությունը բնորոշ է «Ելք» դաշինքի կողմից առաջադրված գրեթե բոլոր նախարարներին, սակայն խնդիրը միայն անփորձ նախարարների մեջ չէ։
Գրեթե միանման ձեռագրերով են աշխատում նաև Ազգային անվտանգությունը, Քննչական ծառայությունը և Ոստիկանությունը։ Մեծ շոու-բեմականացումներ, իսկական դետեկտիվ հիշեցնող դրվագներ։
Խոսվում էր նաև «Մարտի 1»-ի լիարժեք բացահայտման մասին, սակայն առ այսօր ոչ միայն կոնկրետ բացահայտումը չկա, այլև էլ ավելի է խճճվել այդ պատմությունը՝ առաջացնելով նորանոր հարցեր։
Հետաքրքիր իրավիճակ է երկրում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի մասով։ Բանն այն է, որ շատ ոլորտներում կոռուպցիան իսկապես վերացել է, դաշտը անհամեմատելի կերպով ազատականացվել է, սակայն տեղի են ունենում երևույթներ, որոնք շատ ավելի վատ ազդեցություն են ունենում, քան բուն կոռուպցիան է։ Բանն այն է, որ շատերը, թեև այսօր, օրինակ սահմանին, կաշառք վերցնելու հնարավորություն չունեն, սակայն փոխարենը այնքան թուղթ ու թանաք են առաջ քաշում, այնքան են մեկ տառի ու բառի համար տանում-բերում շահառուին, որ տվյալ անձը խորը հիասթափություն է ապրում այդ ոլորտից։
Նիկոլ Փաշինյանը գուցե ցանկանում է իսկապես լուծել բոլոր հրատապ խնդիրները, վերացնել կոռուպցիան, զարգացնել Հայաստանը, սակայն նա դա միայնակ անել չի կարող։ Իսկ այն ուժեղ թիմը, որ այսօր պիտի նրան օգնի այդ հարցում, պարզապես չկա։
Փաշինյանի կողքին կանգնած չե՛ն մարդիկ, որոնք ունակ են համարձակ քայլերի, կտրուկ փոփոխությունների և ունեն հավակնոտ ծրագրեր։ Կադրային քաղաքականության վերանայում․ ահա թե ինչը պետք է դառնա Նիկոլ Փաշինյանի համար մեկ խնդիրն այսօր, քանի որ նրա թիմակիցների ամեն սխալ քայլը կարող է հենց իր համար շրջադարձային լինել։
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am