Արցախը կրկին ուշադրության կենտրոնում
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանում գրեթե բոլորն այս հեղափոխական իրադարձությունների հորձանուտում կամ մոռացել են Արցախի մասին կամ կորցրել հետաքրքրությունը կամ էլ թեկուզ կորցրել զգոնությունը: Իսկ ժամանակին Իսահակյանը մեզ զգուշացնում էր. «Գիտցեք` քնում են գետերն ու քամին, սակայն չի քնում երբեք թշնամին»:
Երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց մեկ օր անց Արցախում հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմ, սպասելի էր, որ Բաքուն եւ Անկարան անպայման կարձագանքեն այս հայտարարությանը: Եւ Թուրքիան, եւ Ադրբեջանն, իրոք արձագանքեցին, բայց ամենավատն այն է, որ Հայաստանում այս հայտարարությունները, թե քաղաքագիտական, թե լրատվական մակարդակով, կարծես թե, մնում են աննկատ:
Տպավորություն է, որ դպրոցում անցկացվող դրամահավաքները կամ մարզպետի պաշտոնում այս կամ այն անձի նշանակումը հասարակությունն ավելի է կարեւորում, քան Արցախի խնդիրը:
Եթե ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասում է, թե մեր բոլորիս հույսն է, որ ղարաբաղյան կարգավորումը կլինի շատ շուտով, եւ որ այն պետք է արտահայտի մեր շահերը, մեր ձգտումները, մեր նպատակները, եւ որի հիմքում պետք է դրված լինի Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը, ապա Ադրբեջանի եւ Թուրքիայի հայտարարությունները, մեղմ ասած, ագրեսիվ են:
«Եթե Հայաստանի ղեկավարությունը առաջարկում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի անջատական ռեժիմի մասնակցությունը, նշանակում է՝ ցանկանում են վերջ դնել խաղաղ գործընթացին»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ հավելելով, որ այդ հարցը վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկվել է Փարիզում:
«Ես նաև իրենց ասել եմ, որ նման առաջարկը ծիծաղելի է», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարարը՝ այդպիսով արձագանքելով Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ այսուհետև պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը:
«Ադրբեջանը բարիդրացիության շրջանակներում պատրաստ է հարաբերություններ հաստատել հայերի հետ՝ իհարկե մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո»,- ասել է նա:
Թուրքիայի դիրքորոշումն Ադրբեջանից այս հարցում շատ չի տարբերվում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Մենք կշարունակենք ջանքեր գործադրել, որպեսզի վերջ դնենք Ադրբեջանի հողերի օկուպացմանը»,-ասել է Էրդողանը։
Նախօրեին էլ Թուրքիայի խորհրդարանի նախագահն էր ասել, որ Արցախի հարցը նաեւ իրենց ցավն է:
Ակնհայտ է, որ մեր հարեւաններն իրենց բավական ագրեսիվ են պահում եւ անգամ ատամ ցույց տալիս, եւ այստեղ պետք է, որ հայկական կողմը լինի հնարավորին չափ ուշադիր, խելամիտ, ճկուն բանակցություններում եւ ամեն ինչ անի բանակցային գործընթացը շարունակելու համար, քանի որ անգամ ծանր եւ վատ ընթացող բանակցությունները լավ են անորոշությունից եւ իրավիճակի սրումից ու թեժացումից:
Մեկ անգամ եւս շեշտենք, որ Արցախի հարցում մենք կարող ենք ուժեղ դիրքերից խոսել բացառապես, երբ կլինենք ուժեղ, կունենանք ուժեղ դաշնակիցներ, եւ կգործենք խելամտության սահմաններում:
Գործնականում հնարավո՞ր է Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել, թե՞ ոչ: ՀՀ արտգործնախարարն այս հարցին այսպես է պատասխանում. «Ես կսահմանափակվեմ միայն ասելով, որ մեր կարևորագույն նպատակը դա վերներգրավել բանակցությունների մեջ՝ բացառապես Մինսկի խմբի նախագահության շրջանակներում»։
Մնացականյանը նշեց, որ կարեւորագույն խնդիր է բանակցությունների դինամիկան պահպանելը։ «Մենք արդեն հեռախոսազրույց ենք ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ, էլի լինելու են կապեր, Ֆրանսիայի արտգործնախարարն է լինելու Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում»,- ասել է արտգործնախարարը։
Այսպիսով ակնհայտ է, որ առաջիկայում Արցախի հարցով բանակցությունները կակտիվանան, ճնշումները կողմերի վրա կմեծանան, եւ այստեղ պետք է հնարավորին չափ ճկուն եւ ճիշտ գործել, անցանկալի լարվածությունից, եւ ռազմաճակատի գծի թեժացումներից խուսափելու համար:
Արման Միքայելյան
Top-News.am