Ուր է գնում Վրաստանը եւ որտեղ է դոփում Հայաստանը
Մենք խոսում ենք բիզնեսն ազատականացնելու մասին, փոքր եւ միջին բիզնեսին օգնելու մասին, բայց միայն խոսում ենք, իսկ գործնականում ավելի ու ավելի ենք բարդացնում գործարարների գործունեությունը:
Նոր հարկային օրենսգիրքը տնտեսագետների մեծամասնության կարծիքով բիզնես դաշտն ավելի տհաճ է դարձնելու՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Վրաստանում փոքր եւ միջին բիզնեսին օգնելու մասին չեն խոսում, այլ կոնկրետ քայլեր են անում: Մի քանի օր առաջ Վրաստանի կառավարությունը որոշում կայացրեց 2018թ. հուլիսի 1-ից փոքր բիզնեսի հարկային բեռը հինգ տոկոսից իջեցնել մինչեւ մեկ տոկոս:
Բոլոր այն ընկերությունները, որոնց շրջանառությունը չի գերազանցի տարվա ընթացքում 200 000 դոլարի սահմանագիծը կարող են օգտվել այս որոշումից: Եւ ստացվում է, որ մինչ մեր տնտեսության մեծ ու փոքր մենեջերները մեծ-մեծ խոսում են, թե այս պետք է արվի, այն պետք է արվի, հիշեցնելով հին անեկդոտի հերոսին, հարեւան Վրաստանում արմատական բարեփոխումներ են իրականացվում:
Եւ հիմա չզարմանաք, եթե հայաստանցի գործարարները մեկը մյուսի հետեւից տեղափոխվեն հարեւան երկիր՝ զարգացնելով նրանց տնտեսությունը եւ աշխատանքով ապահովելով վրաստանյան ընտանիքներին:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս տարվանից փոքր բիզնեսի շեմը իջեցրին մինչեւ 120 հազար դոլար, իսկ 5 տոկոսանոց հարկման դրույքաչափն էլ մնաց անփոփոխ: Անգամ ամենամակերեսային դիտարկումն էլ հուշում է, որ փոքր բիզնեսի համար Վրաստանում Հայաստանի համար պայմաններն անհամեմատ ավելի լավ են: Որտեղ երկու հարյուր հազարը՝ որտեղ 120 հազարը, որտեղ հինգ տոկոսը, որտեղ մեկ տոկոսը:
Այնպիսի տպավորություն է, կարծես ամեն ինչ անում են, որ մարդը Հայաստանում ոչինչ չկարողանա անել եւ նեղսրտած կամ ճարահատյալ հեռանա հայրենիքից: Եւ այս իրավիճակում երբ Կարեն Կարապետյանը խոսում է ներդրումներ բերելու, տնտեսության զարգացման մասին, պարզապես մնում ես զարմացած:
Փոքր բիզնեսին շնչելու հնարավորոսւթյուն տալու եւ երկիրն առողջացնելու մասին մտածելու փոխարեն, կառավարությունում մտածում են բացառապես հարկային բեռը ծանրացնելու, տուգանքներն ու այլ վարձավճարները ավելացնելու մասին: Այսպես մենք ճահճից երբեք դուրս չենք գա: Ընդհակառակը՝ ավելի կխրվենք:
Հակոբ Ասատրյան
Top-News.am