Թրամփը խարդախության գործով 175 միլիոն դոլար գրավ է վճարել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 175 միլիոն դոլար գրավ է վճարել՝ բողոքարկելու Նյու Յորքի դատարանի վճիռը բիզնես խարդախության գործով, հայտնում է Bloomberg-ը։
Դա նրան թույլ է տվել խուսափել ակտիվների բռնագրավումից:
Փետրվարին Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել խարդախության գործով։ Որոշմամբ պարզվել է, որ նախկին նախագահը մեկ տասնամյակի ընթացքում ուռճացրել է իր ակտիվների արժեքը՝ բանկերին մոլորեցնելու և վարկի ավելի լավ պայմաններ ստանալու նպատակով։
Քաղաքական գործչին և նրա ընկերությանը պարտավորեցրել են վճարել 355 միլիոն դոլար տուգանք, Թրամփին նաև արգելել են առաջիկա երեք տարում ղեկավար պաշտոններ զբաղեցնել Նյու Յորքում գրանցված ցանկացած կորպորացիայում։ Տոկոսների հետ ընդհանուր տուգանքը կազմել է 454 մլն դոլար։ Թրամփը բողոքարկել է դատարանի որոշումը։
Անցյալ շաբաթ Նյու Յորքի վերաքննիչ դատարանը նվազեցրել է նրա գրավի չափը մինչև 175 միլիոն դոլար: Քաղաքական գործչին 10 օր ժամանակ էր տրվել դատարանի որոշումը կատարելու համար։ Եթե գրավը չվճարվեր, Նյու Յորքի գլխավոր դատախազը կարող էր սկսել Թրամփի ակտիվների կալանքը։ Նրա ամբողջ անշարժ գույքը կարող էր հայտնվել բռնագրավման սպառնալիքի տակ, այդ թվում՝ Մանհեթենում գտնվող Trump Tower երկնաքերը և Ֆլորիդայում գտնվող Mar-a-Lago կալվածքը, գրում է BBC-ն։