Իրակլի Կոբախիձեն պաշտոնապես դարձավ Վրաստանի վարչապետ
Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած նոր կառավարությանը։ Այս մասին հայտնում է Georgia News-ը։
Կառավարության նոր կազմում, բացի վարչապետից, կա ևս մեկ փոփոխություն. Ջուանշեր Բուրչուլաձեին պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է խորհրդարանի փոխնախագահ Իրակլի Չիկովանին։
Խորհրդարանի այսօրվա նիստը տևել է գրեթե 11 ժամ եւ ուղեկցվել աղմկոտ բանավեճերով։ Բազմիցս դրանք վերաճել են խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության միջև վեճերի:
Այսպիսով, 45-ամյա Կոբախիձեն դարձել է 2012 թվականի աշնանից Վրաստանում իշխանության ղեկին գտնվող «Վրացական երազանք» կուսակցության յոթերորդ վարչապետը։ Նրա նախորդը՝ Իրակլի Ղարիբաշվիլին երկու անգամ նշանակվեց այս պաշտոնում։