Արևմուտք-Ռուսաստան այս սրացող հարաբերությունների ֆոնին երկու կողմերից տարատեսակ գնահատականներ էին հնչում ԵՄ առաքելության վերաբերյալ
![](/timthumb.php?src=/disc/17-03-23/11c0176cccdf136392b8d128c6537f0b.jpg&w=708)
Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը ներկայացնելուց հետո, անդրադարձավ նաև ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ հարցին, որը նրան ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Դուք գիտեք, որ Արևմուտք-Ռուսաստան այս սրացող հարաբերությունների ֆոնին երկու կողմերից տարատեսակ գնահատականներ էին հնչում ԵՄ առաքելության վերաբերյալ։ Ռուսաստանը դա ընկալում է, և պաշտոնական մակարդակում գնահատականներ են հնչում, որ դա ընկալում է՝ որպես իր դեմ արված քայլ։ Արևմուտքից մեկնաբանություններ են հնչում նաև, որ դա Ռուսաստանի դեմ է իրականացվում՝ զսպող ինչ-որ հանգամանք է։ Դուք ասացիք, որ ԵՄ առաքելությունը նպաստեց և զսպող դեր խաղաց։ Կխնդրեմ, այս գնահատականների վերաբերյալ Ձեր մեկնաբանությունն ասեք, և ինչպե՞ս նպաստեց բառի բացվածքը տվեք»,- նշեց Ագնեսա Խամոյանը։
Պատասխանելով հարցին՝ Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ իսկապես ԵՄ առաքելության տեղակայումն առաջացրեց որոշակի հարցեր, և դրա ուղղությամբ շարունակում են բացատրական աշխատանքներ տանել։
«Բացատրում ենք, թե ինչն է պատճառը և ինչն է առաքելության նպատակները, կարող ենք արդեն օրինակներ բերել, օրինակ, Իրանի դեպքում, որը նույնպես շատ զգայուն է տարածաշրջանում առաքելությունների ստեղծման հարցի նկատմամբ, նրա կողմից բավականին դրական արձագանք հնչեց։ Սա ցույց է տալիս, որ բացատրական աշխատանքների դեպքում ընկալումն այլ է։