Երկրաշարժի զոհերի թիվը անցել է 2 հազար 300-ի սահմանը

Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի հետեւանքով զոհերի թիվն արդեն գերազանցում է երկու հազար երեք հարյուրը: Թուրքիայում զոհվել է հազար հինգ հարյուր, իսկ Սիրիայում 800 մարդ:
Առաջին հզոր ցնցումը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով 5:17 րոպեին: Երկրածարժի օջախը եղել է Այնթապ (Գազիանթեփ) քաղաքի մոտ՝ 17.9 կմ խորության վրա:
Երկրորդ հզոր հարվածը տեղի է ունեցել Մարաշ (Կահրամանմարաշ) քաղաքի մոտ՝ 7,6 մագնիտուդ հզորությամբ: Խորությունը եղել է 7 կմ:
«Կարծումեմ, զոհերի թիվն իրականում ավելի մեծ է: Փլուզված շինությունների թիվը բավական մեծ է: Շուտով զոհերի թիվը փոփոխության կենթարկվի»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչը:
«Այսօր ջանքեր ենք գործադրում փլատակների տակ մնացածներին փրկելու համար: Հարյուրավոր մարդիկ պառկել են քնելու, իսկ այսօր այլեւս չեն արթնացել: Սա ողբերգություն է: Ցավալի է, բայց զոհերի թիվը անդադար աճելու է: Իրավիճակը ծանր է Սիրիայի այն շրջաններում, որոնք գտնվում են թուրքական զորքերի վերահսկողության տակ»,- ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:
Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն ասել է, որ Թուրքիայում տուժել է տասը քաղաք՝ Այնթապը (Գազինաթեփ), Մարաշը (Կահրամանմարաշը), Հաթայը, Սիսը, Ադիյաման, Մալաթիա, Ուրֆա, Ադանա, Դիարբեքիր եւ Քիլիսը: