ԱՄՆ նախագահը աջակցություն է հայտնել Սաուդյան Արաբիային
«Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության պատճառով ամերիկյան իշխանությունները չեն պատրաստվում հարվածի տակ դնել համաշխարհային տնտեսությունը». երեքշաբթի օրը Վաշինգտոնում նման հայտարարությամբ հանդես եկավ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը` մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցների սահմանման հավանականությունը:
«Սաուդցիները հարյուր միլիարդավոր դոլարների ամերիկյան արտադրանք են ձեռք բերում: Եթե ես ասեմ, որ չեմ ցանկանում բիզնես ծավալել սաուդցիների հետ, նրանք սպառազինությունն ու արդյունաբերական ապրանքները կգնեն Չինաստանից և Ռուսաստանից: Այդ երկրները շատ ուրախ կլինեն: Սաուդյան Արաբիան մեզ հետ մեծածավալ առևտուր է ծավալել, այն մեզ օգնում է ցածր մակարդակի վրա պահել նավթի գները, որպեսզի դրանք չհասնեն մեկ բարելի դիմաց 100 կամ նույնիսկ 150 դոլար ցուցանիշի: Ես չեմ պատրաստվում ավերել համաշխարհային կամ ամերիկյան տնտեսությունը Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում հիմար քայլերի դիմելով», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Անդրադառնալով Կենտրոնական հետախուզական վարչության՝ օրերս հարապարակած զեկույցին, որի համաձայն Ջամալ Հաշոգիի սպանությունը կարող էր պատվիրած լինել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի կողմից` Թրամփը նշել է, թե ամերիկացի հետախույզների պատրաստած փաստաթղթում որևէ հստակ պնդում չի նկատել:
«Կենտրոնական հետախուզական վարչությունը որևէ հստակ հետևության չի հանգում: Նրանք գրում են, թե հնարավոր է, որ [Մոհամադ Բին Սալմանը] արել է դա, հնարավոր է, որ չի արել: Որևէ գնահատական չկա: ԿՀՎ-ն ուսումնասիրել է առկա փաստերը և հստակ հետևության չի հանգել: Ամեն դեպքում մենք Սաուդյան Արաբիայի կողքին ենք», - հայտարարել է Թրամփը:
Միացյալ Նահանգների նախագահի այս հայտարարությունները հնչեցին այն պահին, երբ Սպիտակ տանից մի քանի հարյուր մետր այն կողմ` Պետքարտուղարության շենքում Հաշոգիի սպանության շուրջ ստեղծված կացությունն էին քննարկում Միացյալ Նահանգների և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսությունների ղեկավարները: Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոն է ժամանել նախևառաջ սաուդյան խնդիրը ամերիկացի գործընկերների հետ քննարկելու նպատակով:
«Նախագահ Թրամփը սպանության առթիվ հայտարարությամբ է հանդես եկել: Մենք մեր հերթին ամերիկացիների հետ կիսել ենք հետաքննության մանրամասները: Այդ գործընթացը պետք է շարունակվի: Թուրքիան ցանկանում է լույս սփռել կատարվածի վրա: Մի շարք հարցեր, սակայն, շարունակում են անպատասխան մնալ: Ո՞վքեր են կանգնած Հաշոգիի սպանության թիկունքում: Ո՞վ է արձակել սպանության հրամանը: Մենք համոզված ենք, որ այդ մարդիկ ինքնագլուխ կերպով չեն եկել Թուրքիա՝ սպանություն կատարելու նպատակով», - հայտարարել է թուրքական արտգործնախարարության ղեկավարը:
Չավուշօղլույի հետ բանակցությունների ավարտին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հատուկ ընդգծել է, որ չնայած վերջին իրադարձություններին՝ Վաշինգտոնի և Էր Ռիադի հարաբերությունների բնույթը լուրջ փոփոխությունների չի ենթարկվի․ - «Դա նախագահի, ինչպես նաև Պետդեպարտամենտի պարտականությունն է` այնպիսի քաղաքականություն վարել, որը կապահովի Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը: Ինչպես այսօր նշել է նախագահը, մենք շարունակելու ենք դիտարկել Սաուդյան Արաբիայի թագավորությունը որպես մեր կարևոր գործընկեր: Սա պատմական մի հանձնառություն է, որը կենսական նշանակություն ունի Ամերիկայի ազգային անվտանգության համար»:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները